ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և մոտ 13 այլ՝ պակաս հայտնի կուսակցությունների ձևավորած «Հայրենիքի փրկության շարժումը» ողջունել է զինված ուժերի գլխավոր շտաբի քաղաքական հայտարարությունը (որով գեներալիտետը փաստացի միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին), և կոչ արել իրենց կողմնակիցներին ժամը 15։00-ին հավաքվել Ազատության հրապարակում։
Այժմ նրանց մի մասը Հանրապետության հրապարակում է․ փողոցով անցնում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը, մայթեզրերին կանգնած «ընդդիմադիրները» գոռում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ցուցարարներն ի պատասխան վանկարկում են «Նիկոլ՝ վարչապետ»։
Փաշինյանը, ով ավելի վաղ Գլխավոր շտաբի զինվորականների հայտարարությունը որակել էր ռազմական հեղաշրջման փորձ և կոչ արել իր կողմնակիցներին դուրս գալ հրապարակ, բարձրախոսով հայտարարում է՝ «Հայաստանի ներսում մենք թշնամի չունենք։ ԶՈՒ-ն ենթարկվում են ՀՀ ժողովրդին և վարչապետին, այլ տարբերակ չի կարող լինել։ Կարծում եմ՝ հեղաշրջման վտանգը կառավարելի է։ Դա հուզական արձագանք է, և մեր եղբայրներին չպետք է խիստ վերաբերվենք»։ Պարբերաբար հիշեցնում է, որ ելույթով հանդես կգա ժամը 16։00-ին։ Կոչ է անում իր համակիրներին հավաքվել հրապարակում, բայց ցուցաբերել բացառիկ զսպվածություն։ Ցուցարարնրին առաջարկում է ծափերով ողջունել փողոցում հավաքված «ընդդիմադիրներին» և այլն։
Այս ընթացքում հանյտարարությամբ են հանդես գալիս երկրի գրեթե բոլոր անվանի քաղաքական կուսակցությունները։
Իշխող «Իմ քայլը» սատարում է վարչապետին․ «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին»։
Լուսավոր Հայաստանը հայտարարում է, թե «ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»: Ավելի ուշ նրանք «կոչ են անում բոլոր քաղաքացիներին դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի», քանի որ «այս իրավիճակում դա կարող է բերել բախումների»։
Բարգավաճ Հայաստանը սպառնում է՝ «Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու» և կոչ անում ուժային կառույցներին «դուրս չգալ սեփական ժողովրդի դեմ և չդառնալ գործիք մեկ մարդու իշխանությունը պահելու համար»։
Վերջին երկուսը միասին արտահերթ նիստ են հրավիրում ԱԺ-ում։
«Հայրենիքի փրկության շարժման» համատեղ հայտարարությունից բացի, իհարկե, առանձին-առանձին հայտարություններ են հարապարակում նաև դրան անդամակցող կուսակցությունները՝ նույնանման բովանդակությամբ։
Ոստիկանությունը ու ԱԱԾ-ն նախազգուշացրել են՝ ապօրինությունները արժանանալու են համարժեք պատասխանի։ Մարդու իրավունքների պաշտպանը հորդորել է «բացառիկ ջանքեր» գործադրել՝ «ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ»։ Արտահայտվում է նույնիսկ Մայր աթոռը․ եկեղեցին առաջարկում է բանակցել՝ «ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի»։
Հ․Գ․ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ «իր հայտարարությունը չի ուղղորդվել որևէ մեկի կողմից և չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ»։
«Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը», – ասված է պարզաբանման մեջ։