Զինված ուժերի գլխավոր շտաբի քաղաքական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը քաղաքական հեղաշրջման փորձ է համարում։ Հայտարարության հրապարակումից անմիջապես հետո, նախ, ֆեյսբուքյան գրառմամբ, այնուհետև նաև ուղիղ եթերով նա դիմել է իր կողմնակիցներին՝ կոչ անելով անհապաղ հավաքվել Հանրապետության հրապարակում։
«Ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին [Տիրան Խաչատրյան] և գլխավոր շտաբի պետին [Օնիկ Գասպարյան]։ Ես թղթերն արդեն ստորագրել եմ։ Եվ դրան հետևել է ԳՇ հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը», – ասել է Փաշինյանը։
Պատճառների մասին, ըստ նրա, կխոսվի Հանրապետության հրապարակում։ Փաշինյանի կարծիքով, գլխավոր խնդիր, որ այսօր մենք ունենք, ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է․ «Որովհետև այն, ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ»։
«Մենք եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել։ Եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականներին չենք կարող հարցեր չտալ։ Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալներին դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ», – ասել է Փաշինյանը։
Ըստ նրա, սա չի նշանակում, որ այդ պատասխանների արդյունքում պետք է անպայման ինչ-որ բաներ տեղի ունենան․ «Բայց մենք պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխանները՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքե՞ր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»։
Այս ամենի և նաև նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձի մասին, երբ «պարզ դարձավ, որ կան շրջանակներ, որ ուզում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա և հաշվեհարդար տեսնեն, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը ի հայտ չգա»․ «Այս հարցերի շուրջ եմ ես ձեզ հրավիրում Հանրապետության հրապարակ»։
«Ուզում եմ կոչ անել պահպանել հանդարտություն, ոչ մի կտրուկ գործողություն չանել և որպես ժողովրդական խաղաղ հավաքի մասնակից գալ Հանրապետության հրապարակ։ Մեր բոլոր զինվորներին, զինվորականներին ուզում եմ կոչ անել շարունակել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթները և զգոնությունը չկորցնեն։ Ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է, և այդտեղ, իհարկե, պետք չէ թույլ տալ ծառայողական գործընթացներին հակասող որևէ գործողություն», – ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է՝ անթույլատրելի է, որ ԶՈՒ-երը և բանակը զբաղվեն քաղաքականությամբ և հանդես գան քաղաքական գնահատականներով։
«Խոսքը, իհարկե, ոչ բոլոր զինվորականների մասին է․ նրանց մեծ մասը պարզապես վերադասի հրամանն է կատարել։ Բայց ուզում եմ ընդգծել, որ նրանց վերադաս է նաև ՊՆ ղեկավարը, նրանց վերադաս է նաև վարչապետը, և զինվորականները պարտավոր են ենթարկվել այն օրինական հրամաններին և հրահանգներին, որոնք տրվում են վերադասից»։
Ամփոփելով՝ վարչապետը կրկին ընդգծել է՝ ԳՇ պետի առաջին տեղակալն արդեն դե յուռե ազատված է աշխատանքից, և նա որպես այդպիսին հանդես գալու իրավունք չունի։ Իսկ ԳՇ պետին ազատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը արդեն ստորագրվել են, և ընթացք է տրվել նրա պաշտոնանկության պրոցեսին․ «Առաջիկայում մենք ԳՇ նոր պետ և պետի տեղակալներ կնշանակենք»։
«Ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ մենք այս իրավիճակը կհաղթահարենք Հայաստանի օրենսդրության սահմանած կարգով և ձևով», – ամփոփել է Փաշինյանը։
Ավելի ուշ նա հայտնել է, որ Հանրապետության հրապարակում իր ելույթը կմեկնարկի ժամը 16.00-ին․ «Մինչ այդ հավաքվենք հրապարակում»: