Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանն ու դրան հաջորդած իրադարձություններին անդրադարձել են Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Երևանում ԱՄՆ դեսպանատունը։
Ռուսաստանը տագնապով է հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց և համարում է, որ դա երկրի բացառապես ներքին գործն է, հայտարարել է Պեսկովը։
«Հայաստանը, բացի նեղ, ավանդույթներով հարուստ հարաբերություններ ունենալուց, մեզ համար կարևոր է նաև փոխգործակցության տեսանկյունից ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գծերով», – նշել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով, որ այս հարցով Մոսկվայի և Երևանի միջև շփումներ դեռևս չեն եղել, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք հնարավոր կլինի օպերատիվ կերպով կազմակերպել։
Խոսնակը նշել է նաև, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում։
Ավելի ուշ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի իր գործընկերոջ՝ Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է, որ ռուսական կողմն իրավիճակը գնահատում են որպես Հայաստանի ներքին գործ, և հույս հայտնել, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան «Հայաստանի իշխանությունների հետ շփում չի ունեցել», բայց «հեղաշրջումների հարցում սկզբունքային դիրքորոշում ունի»:
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման կամ հեղաշրջման փորձի՝ անկախ նրանից, թե դա որ երկրում է։ Մենք խստորեն դատապարտում ենք հեղաշրջման փորձը Հայաստանում»,- նշել է Չավուշօղլուն։
ԱՄՆ դեսպանատունն էլ հայտարարություն է տարածել, որում «կողմերին խրախուսում է հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը»։
«Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանը այն ռազմական հեղաշրջման փորձ էր որակել և կոչ արել իր բոլոր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության Հրապարակում: