ՀՀԿ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին և Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սայաթ Շիրինյանին ՔրՕրի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Քննչական կոմիտեից։
«Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը, ըստ ՔԿ-ի, իրեն պատկանող «Արմնյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում’ բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը:
Քրեական գործ է հարուցվել։ Հաբոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՔԿ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Սայաթ Շիրինյանը, ով ֆեյսբուքում գրել էր, որ եթե ինքը լիներ այսօրվա «ընդդիմադիր» շարժման առաջնորդը, ապա «վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի», ևս մեղադրվում է բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու մեջ։
Ավելի վաղ նա ձերբակալվել էր, մեկ օր անց՝ դատարանի որոշմամբ ազատ արձակվել։ ՔԿ-ում քննվող քրգործով Շիրինյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին: