Նախօրեին Ազգային ժողովը «հրատապ կարգով»՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության հեղինակած նախագիծը, որով բարձրացվում են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» համար գանձնվող դրոշմանիշային ամենամսյա վճարեմերը (1000 դրամները)։ Նախկինում բոլորը վճարում էին ամսական 1000 դրամ, այժմ վճարելու են 1500-ից մինչև 15 000՝ կախված եկամուտի չափից։ Բարեփոխման հեղինակներն այն ներկայացնում են իբրև «կիսապրոգրեսիվ», մինչդեռ ներդրված նոր համակարգն իր բնույթով ուղիղ ռեգրեսիվ է։ «Սև բիբար» կոլեկտիվը բացատրում է՝ ինչու է այն անարդար և ինչ խնդիրներ է ստեղծում։
«Սև բիբարի» հայտարարությունը՝ ստորև․
— Հերթական անգամ ժողովրդի ուսերին է դրվում անարդար մի բեռ՝ դրոշմանիշային վճար կոչվածի ավելացման միջոցով, որն ավելի հայտնի է որպես «1000 դրամների վճար»:
Բավարար չէ՝ կառավարությանը չհաջողվեց կանխել պատերազմը, և դրա դիմաց ժողովուրդը, մանավանդ խոցելի խավերի մարդիկ, վճարեցին կյանքով: Բավարար չէ՝ 2019-ին համահարթ հարկման համակարգ հաստատելու արդյունքում տարեկան բյուջետային մուտքերը կրճատվել են շուրջ 40 միլիարդ դրամով՝ բարձր եկամուտներ ունեցողների հարկերի կրճատման հաշվին: Բավարար չէ՝ համաճարակի վատ կառավարումն արդեն շատերին զրկել է եթե ոչ կյանքից, ապա աշխատանքից կամ բիզնեսից:
Հիմա էլ հազարավոր զոհված ու հաշմված քաղաքացիների և նրանց ընտանիքների նպաստները ապահովելու են դարձյալ առավելաբար խոցելի ու աղքատ բնակչության հաշվին. հենց նույն նրանց, ովքեր արդեն իսկ ամենաշատն են տուժել պատերազմից, համաճարակից ու տնտեսական ճգնաժամից:
Ինչպե՞ս:
Չնայած «1000 դրամների» նոր օրինագիծը, այսօր բարձրացված դրույքաչափերով, փորձում են ներկայացնել որպես պրոգրեսիվ հարկման օրինակ, իրականում այն պարունակում է ռեգրեսիվության տարրեր: Ռեգրեսիվ է այն հարկման համակարգը, որում ինչքան շատ եկամուտ ունես, այնքան ցածր տոկոս ես վճարում եկամուտիցդ. որքան եկամուտդ ցածր է, այնքան ավելի բարձր տոկոս ես պարտավոր վճարել:
Ահավասիկ, այսօր ընդունված օրենքով մինչև 100.000 դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները պետք է վճարեն ամսական 1500 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձ ստացողների համար վճարը կկազմի եկամուտի շուրջ 2.2%-ը, իսկ 100.000 դրամ ամսական եկամուտ ունեցողների համար՝ 1.5%-ը: 101.000-200.000 դրամ եկամուտ ստացող անձինք պետք է վճարեն ամսական 3000 դրամ, որը 101.000-ի դեպքում կազմելու է շուրջ 3%, իսկ 200.000-ի դեպքում 1.5%: Որքան բարձրանում ենք եկամտի սանդղակով, այնքան տոկոսային առումով վճարը պակասում է՝ 500.000 եկամտի դեպքում այն կազմում է 1.1%, 1 միլիոնի դեպքում՝ շուրջ 0.85%:
Զարմանում ենք, որ այս պարզ հաշվարկը հարկային այս բեռը մեր ուսերին դնող ԱԺ-ում ոչ ոք առաջին լսմանը չարեց, և ոչ ոք չասաց, որ սա անարդարություններով լի, ռեգրեսիվ հարկային բեռ է։
Մինչդեռ կարելի էր այլ լուծումների մասին մտածել, օրինակ՝ միլիոնատերների միանգամյա հարկ ինչպես Արգենտինայում (տես մեր նախորդ գրառումը), կամ այս վճարի բարձրացման դեպքում գոնե ըստ եկամտային խմբերի պրոգրեսիվ տոկոսադրույքներ սահմանել։ Փոխարենը հապճեպ կերպով, երկու օրում ընդունվեց այս տարբերակը, առանց որևիցե հանրային քննարկման։