հարցազորւյցը հրապարակվել է infocom.am կայքում
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջարկում է անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի՝ սահմանելով 23%, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել` դարձնելով 20%:
Ներկայումս գործում է եկամտային հարկի եռաստիճան՝ 23% (մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար), 28% (150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ) և 36% (2 միլիոն դրամից բարձր) դրույքաչափեր: Այսպիսով, նախատեսվող փոփոխությունները մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներին չեն վերաբերելու. նրանք շարունակելու են հարկվել 23%-ով:
Թեմայի շուրջ Աստղիկ Քեշիշյանը զրուցել է «Ոչ համահարթ հարկմանը» նախաձեռնության անդամ Հրակ Փափազեանի հետ:
-Թիրախային խումբը, որին գոնե սկզբնական փուլում չի վերաբերելու հարկային դրույքաչափի նվազումը, 80-150 հազար աշխատավարձ ստացող և մեծամասնություն կազմող քաղքացիներն են։ Ի՞նչ վտանգներ է պարունակում հարկային օրենսգրքի փոփոխությունը նրանց համար։
-Այո՛, սկզբնական շրջանում չի վերաբերում, բայց միայն եկամտահարկի առումով: Իսկ վերաբերում է այն առումով, որ ավելի բարձր աշխատավարձ ստացողների, հատկապես երկու միլիոնից ավելի ստացողների եկամտահարկի նվազեցման, ինչպես նաև շահութահարկի 2% նվազեցման և օտարերկրյա քաղաքացիների համար դիվիդենտի հարկի 5%-ով նվազեցման հետևանքով բյուջետային կորուստներ են լինելու: Եվ դրանք կոմպենսացնելու համար այդ խավի մարդկանց ուղղակի հարկերը նվազեցնում են, բեռը փոխադրում են անուղղակի հարկերին, որը ակցիզային հարկերն են: Ընդ որում, և՛ ակցիզային հարկերն են բարձրացվում, և՛ ընդլայնվում են ակցիզային հարկերով հարկվող ապրանքատեսակների շրջանակը: Արդյունքում՝ շուկայում գնաճ տեղի կունենա, օրինակ՝ ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, բարձր շաքարայնություն ունեցող խմիչքների գները կբարձրանան, նաև սպիրտինը, որը օգտագործվում է այլ ապրանքների մեջ՝ դեղամիջոցներ, տնտեսական այլ ապրանքներ: Այսպիսով՝ այն ուղղակիորեն կազդի մինչև150 հազար ստացող մեծամասնության վրա, քանի որ նրանց եկամուտը չի բարձրանա, որովհետև փաստացի չկա շահութահարկի նվազեցում, բայց կավելանան ծախսերը:
-Սակայն, ըստ օրինագծի կողմնակիցների՝ ճիշտ չէ համահարթ դրույքաչափ սահմանելը ներկայացնել որպես միայն 150 հազարից բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներին ուղղված նախագիծ, քանի որ մինչև 2023 թվականը դրույքաչափն իջնելու է նաև մինչև 150 հազար ստացողների համար։ Սա հիմնավոր մեկնաբանություն չէ՞ Ձեր կարծիքով:
-Ո՛չ, այդպես ուղղակի մոլորեցնում են մարդկանց: Ցավալի է, որ այս նկարագրականն եմ տալիս, քանի որ չէի ցանկանա՝ թավշյա հեղափոխությունից հետո կառավարող ուժը մոլորեցնի իր քաղաքացիներին, բայց փաստացի դա են անում: Քանի որ, այո՛, 23%-ից կնվազի մինչև 20%, բայց դրան զուգահեռ կբարձրացվի կուտակային կենսաթոշակայինը: Նախկինում, երբ 5/5 տոկոս էր, 5-ը քաղաքացին է տալիս, 5-ը պետությունը, ասացին լավ, կդարձնենք 7,5-ը՝ քաղաքացին, 2,5-ը՝ պետությունը, բայց ասացին նաև, որ երբ հարկային բարեփոխումներ անեն, հետ կբերեն 5/5-ի: Այժմ այս նախագծով հստակ ասվում է, որ մինչև այդ նույն 2023-ը 7,5/2,5-ը վերադարձվելու է 5/5-ի: Այսինքն՝ 2,5% հարկ էլ այդպես է ավելանալու: Արդյունքում՝ ցածր աշխատավարձ (80-150 հազար դրամ) ստացողների համար եկամտահարկի տոկոսը նվազելու է միայն 0,5%-ով: Իսկ կես տոկոսը ոչինչ է, հատկապես այդքան քիչ աշխատավարձի դեպքում:
-Նախագծի հեղինակներն ասում են, որ տարիներ շարունակ եղել է պրոգրեսիվ հարկում, ինչը չի արդարացրել իրեն, և հիմա ժամանակն է անցնել համահարթի։ Որքանո՞վ է այս հիմնավորումը փաստահեն։
– Էլի հիմք չկա: Այս ամենում ցավալին այն է, որ իրենք չեն անդրադառնում հիմնական քննադատություններին, հակափաստարկ չեն բերում, որովհետև, արդեն թույլ կտամ ինձ ասել, չկա հակափաստարկը, թե չէ մինչև հիմա ասած կլինեին: Փոխարենը, անցնում են այսպիսի մանիպուլատիվ հայտարարությունների: Ի՞նչը չի աշխատել: Օրեր առաջ «Հոդված 3» ակումբում քննարկման ժամանակ մեր քննադատությանը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գևորգյանը պատասխանեց՝ ասելով, որ այսքան տարի եղել է պրոգրեսիվ, բայց ունեցել ենք 30% աղքատություն: Բայց այստեղ սկզբունքային խնդիր կա. երբ վերցնում ենք Սերժի, ՀՀԿ-ի Հայաստանը՝ որպես օրինակ, և դրա վրա հիմնվելով ինչ-որ փաստարկի գնում: Բայց մենք գիտեինք՝ ինչ էր Սերժի Հայաստանը, գիտեինք՝ ինչքան կոռուպցիա ու թալան կար, մարդիկ ուղղակի հարստահարվում էին: Հիմա դա մի կողմ դնել ու 30% աղքատությունը վերագրել պրոգրեսիվին, այն էլ՝ առանց հիմնավորման, ուղղակի աբսուրդ է: Նույնիսկ եթե նախկինի հետ համեմատականի խնդիրը չլիներ, էլի ի՞նչ կապ ունի դա, որտե՞ղ չի աշխատել պրոգրեսիվը:
– Աշխարհի պետությունների մեծ մասում հարկման ո՞ր տարբերակն է գործում։ Ի՞նչ է ցույց տալիս միջազգային փորձը:
– Հստակ թվեր չտամ, բայց աշխարհի երկրների ջախջախիչ մեծամասնությունը եկամտահարկի և շահութահարկի պրոգրեսիվ հարկում ունեն: 10-15 երկիր կա երևի, որ համահարթ դրույքաչափով հարկման մոդել ունեն: Ոչ թե միայն քչերն են համահարթ ունեցող, և մեր նոր կառավարությունը որոշել է Հայաստանը տանել այդ ճանապարհով, այլ նույնիսկ, փաստացի, որոշել են Հայաստանը տանել համահարթ սիստեմ ունեցող երկրների միջից ամենավատ օրինակների ճանապարհով՝ հիմնականում Վրաստանի: Քանի որ բոլոր համահարթ ունեցող երկրներում էլ՝ բացառությամբ Վրաստանի, կա առնվազն չհարկվող շեմ, այսինքն՝ նվազագույն աշխատավարձը չի հարկվում: Բացի այս, այլ հարկային արտոնություններ էլ կան՝ առողջապահության, կրթության ծախսերի հետ կապված: Այս օրինագծում դրանք էլ չկան: Համաշխարահային փորձը ցույց է տվել, որ պրոգրեսիվ հարկումն է և՛ սոցիալական արդարության, և՛ տնտեսական երկարաժամկետ կտրվածքի առաջխաղացման իմաստով լավագույնը, քանի որ երբ ունենում ես շատ աղքատացում, դա ազդում է մարդկանց գնողունակության վրա և բերում տնտեսության լճացման: Պատմությունն է փաստել, որ բոլոր առումներով պրոգրեսիվն ավելի ձեռնտու է: Իսկ մենք գնում ենք Վրաստանի ճանապարհով, որտեղ արդեն թվեր կան, որ ակնկալված տնտեսական աճը չի գրանցվել և ավելին՝ աճել է սոցիալական բևեռվածությունն ու աղքատությունը: Իրենք էլ իրենց հեղափոխությունից հետո՝ Սահակաշվիլու օրոք անցան համահարթի, և դեռ ավելին՝ ամրագրեցին այն Սահմանադրության մեջ, որ ԱԺ-ն հետդարձ կատարելու իրավունք չունենա: Հիմա, եթե այստեղ էլ այդպես լինի, շատ ավելի վատ է: Թեև այն տրամաբանությունը, որի վրա հիմնվելով՝ իշխանությունները շարժվում են, հուշում է, որ կարող է նաև այդպես լինել: Իրենց տրամաբանությունն ուղղված է արտաքին ներդրումներին, բիզնեսին, իսկ դրանց հարկային դաշտի ստաբիլություն է պետք: Դրան էլ կնպաստի Սահմանադրությամբ ամրագրելը:
– Հստա՞կ է Ձեզ համար, թե եկամտահարկի համահարթ դրույքաչափի այս մոդելին անցնելով՝ իշխանություններն ինչ խնդիրներ են փորձում լուծել։ Որպես հիմնական նպատակներ, կարծես, բերվում են արտաքին ներդրումների ավելացումն ու ստվերի նվազեցումը:
– Այո՛, իրենց ասելով՝ հիմնական նպատակները սրանք են, բայց երկուսն էլ շատ թույլ արգումենտներ են: Ինչ վերաբերում է արտաքին ներդրումների աճին, մասնագետներն են ասում, որ եթե դա է նպատակը, ապա սխալ թիրախ է ընտրվել: Եկամտահարկի փոփոխությունը չէ, որ արդյունավետ ու արագ արտաքին ներդրումներ է բերելու, որովհետև Հայաստանն արդեն իսկ աշխատանքի հարկման գործոնով 25 երկրների հետ առաջին տեղն է զբաղեցնում արտաքին ներդրումների գրավչության առումով: Ընդհանուր ցանկում, այո՛, վատ դիրքում ենք, բայց այդ գործոնը չէ խնդիրը: Այստեղ ավելի բարելավվելու տեղ չկա, միևնույնն է, առաջին դիրքում ենք: Ինչ վերաբերում է ստվերին, դրա դեմ պայքարելու հիմնական միջոցը հարկային վարչարարության բարելավվումն է, իսկ մեզ մոտ այն շատ վատ վիճակում է, ինչն էլի ուսումնասիրված ու փաստարկված է: Ուրեմն՝ եկեք այդ խնդիրը լուծենք, հարկային վարչարարությունը բարելավենք, տեսնենք՝ ինչ արդյունքի ենք հասնում, հետո կարելի է այլ միջոցներ էլ մտածել: Ասում են՝ պետք է այսպես անենք, որ գործատուն շահագրգռված լինի հարկը չթաքցնել: Բայց չպետք է անընդհատ առաջնորդվել գործատուի շահագրգռվածությամբ, կա հստակ հարկային վարչարարական պետական մեքենա, պետք է դրանով առաջնորդվել:
Բայց բացի այս, կառավարող ուժի ներկայացուցիչների առնվազն մի մասի մոտ կա դասական լիբերալ գաղափարախոսությունը, նաև նեոլիբերալ, ըստ որի՝ բիզնեսի սանձերն արձակելը դրական է ազդում բոլորի վրա: Այսինքն՝ եթե բիզնեսի հարկերը նվազեցնենք, ինչքան կարող ենք խթանենք բիզնեսի զարգացումը, եթե բիզնեսը զարգանա, կմեծանան հարկային եկամուտները, կզարգանա պետությունը, և բոլոր մարդկանց կյանքը կլավանա, եթե բիզնեսը զարգանա, մարդկանց աշխատավարձերը կաճեն և այլն: Բայց վերջին քսան-երեսուն տարիների տնտեսական պատմությունը ամենազարգացած երկրներում էլ փաստել է, որ դա ուղղակի պատրանք է: 1970-80-ականներին՝ նեոլիբերալ քաղաքականության ներմուծումից հետո, միայն տասնապատիկ հարստացավ հարուստների խավը, իսկ աղքատների աշխատավարձերը այդպես էլ չբարձրացան, այն միայն նպաստեց բևեռացման աճին ու սոցիալական անարդարությանը: Հիմա մեր իշխանության ներկայացուցիչներից ոմանց մոտ ես նկատում եմ հավատ այս գաղափարախոսության նկատմամբ, ինչը համարում եմ վտանգավոր, հատկապես Հայաստանի նման երկրի համար, որտեղ արդեն իսկ անհավասարությունն ու սոցիալական անարդարությունը մեծ չափերի են: Եթե այս օրինագիծն անցնի, այն կլինի նոր իշխանությունների առաջին լուրջ, համակարգային փոփոխությունը և կլինի հակաժողովրդավարական:
– ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը առաջարկում է հայտարարագրում՝ եկամտային հարկի նվազեցման դիմաց։ Ըստ Ձեզ՝ այս այլընտրանքային տարբերակը առաջարկված օրինագծի հետ համեմատ ի՞նչ առավելություններ ունի և ի՞նչ բացեր։
– Սա ո՛չ լրիվ պրոգրեսիվ է, ո՛չ լրիվ համահարթ: Այս առումով համեմատած առաջարկված օրինագծի հետ, նախընտրելի է: Այստեղ ասվում է՝ մինչև 23% նվազեցումը չի արվի բոլորի համար և միանգամից, այլ հատուկ դեպքերում, եթե մարդը կամովին հայտարարգրի ամեն ինչ, ու այնտեղ ծախսեր լինեն առողջապահության, կրթության, մշակույթի ուղղությամբ, այդ դեպքում կլինի միայն վերադարձ, ու 36-ից կարող է իջնել մինչև 23%: Բայց այստեղ էլ շատ բան պարզ չէ, օրինակ, թե ինչքան ծախս պետք է արվի այդ ոլորտների ուղղությամբ: Բացի այդ, կրկին առիթ է տալիս համահարթեցման. բարձր աշխատավարձ ստացող քաղաքացուն առիթ է ընձեռնում այնպես առաջնորդվելու, որ էլի վճարի 23% հարկ: Խնդիրը սկզբունքորեն չի լուծվում, որովհետև կա սոցիալական արդարության հարց: Անարդար է, որ 2 միլիոն վաստակող քաղաքացին և 80 հազար վաստակողը նույնաչափ տոկոսադրույքով հարկվեն: Արդյունքում՝ հասարակությունը բևեռանում է տնտեսապես, իսկ տնտեսական բևեռացումը, իմ խորին համոզմամբ, քաղաքական բևեռացում է նաև, և քանի չկա տնտեսական ժողովրդավարացում, քաղաքական ժողովրդավարության մասին խոսելը սոսկ պատրանք է: Ինչքան նյութական, արդյունաբերական միջոցները կենտրոնանում են փոքր խավի ձեռքերում, այնքան այդ խավը հզորանում է ու լծակներ ունենում քաղաքական դաշտի վրա: Մնացածը, թե ընտրություններն ինչքանով են կեղծված, իհարկե, էլի կարևոր է, բայց դրա բացառումը չի լուծում ժողովրդավարության հասնելու հարցը: Եվ այս առաջարկը նույնպես բացարձակ չի անդրադառնում ցածր եկամուտներ ունեցող խավի իրավիճակին:
– Որպես այս առաջարկի դրական կողմ նշվում է նաև այն, որ դա կնպաստի կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտների զարգացմանը: Համաձա՞յն եք:
– Դա ճիշտ է, չեմ կարող ժխտել: Եթե քեշբեքի սիստեմն այդպիսին լինի, եթե դրանով առաջնորդվեն, ու այս ոլորտներին ուղղված ծախսը բերի եկամտահարկի նվազեցմանը… Բնականաբար, այս առումով էլ նախընտրելի է համեմատած առաջարկված օրինագծի:
– Ձեր նախաձեռնությունը լուծումներ առաջարկու՞մ է։
– Ոչ մանրամասն, որովհետև մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք: Համոզված ենք, որ լուծումը պրոգրեսիվ հարկման մեջ է, ընդ որում, պրոգրեսիվություն ոչ միայն եկամտահարկերի, այլև շահութահարկի, ԱԱՀ-ի, միկրոբիզնեսի, շրջանառության հարկի պրոգրեսիվություն… Այսինքն՝ թե՛ կապիտալի, թե՛ եկամուտների հարկման մեջ պետք է լինի իսկական պրոգրեսիվություն: Ընդ որում, այսօրվա եկամտահարկի դրույքաչափն էլ բավարար պրոգրեսիվ չէ. 160 հազար ստացողն ու 1,5 միլիոն ստացողը չպետք է նույն դրույքաչափով հարկվեն, ինչպես որ հիմա է: Շատ ավելի շերտավորված և լուրջ ուսումնասիրության վրա հիմնված պրոգրեսիվ հարկային համակարգ է պետք, որի թվերը մենք չունենք, որովհետև ոչ կուսակցություն ենք, ոչ քաղաքական ուժ: Մեր նախաձեռնությունն ավելի շատ քաղաքացիական հակազդեցություն է: Իսկ լավագույն լուծումն այն կլինի, որ ցանկացած որոշում կայացնելիս առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ առաջնայինը մշտապես ի շահ հանրային համերաշխության, սոցիալական արդարության, հավասարության գործելն է, ոչ թե ի վնաս մեծամասնության և հանուն հարուստ փոքրամասնության: