«Թշնամու» գործողություններից վիրավորված կամ զոհված զինծառայողների անունից ժողովրդից պարտադիր կերպով ամսական հազարական դրամ գանձելու մասին օրենքի հեղինակների` Հայաստանի իշխանությունների դեմ հերթական ակցիան է տեղի ունեցել Երևանում: Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի դիմաց, հայտնվել է «աղքատները հրաժարվում են մեռնել» գրառումը և #1000դրամ հեշթեգը: Անանուն ակցիայի մասին տեքստը և տեսանյութը տարածվում են սոցցանցերում և էլեկտրոնային փոստի միջոցով.
– Երբ երկու պետություններ պատերազմում են, նրանցից յուրաքանչյուրը պատերազմում է սեփական ժողովրդի դեմ. որը պատերազմի համար հարկեր է վճարում։ Ամեն տարի բռնի ձևով խրամատներ տարված հարյուրավոր աղքատներ՝ սպանված լինելու վախից, սպանում են միմյանց:
Իրավիճակը ոչ մի լուծում չի ենթադրում։ Լիազորված անձինք աշխատավարձ են ստանում բյուջեից, դիվանագիտական հանդիպումներ են կազմակերպում բյուջեի հաշվին, բյուջեի հաշվին անձնակազմեր են պահում՝ հասարակության հետ կապերի, իրավիճակի ուսումնասիրության և մեդիա-պրոպագանդայի համար, որ ի վերջո առավելագույնս համոզիչ ձևով բացատրեն մեզ, որ իրավիճակը ոչ մի լուծում չի ենթադրում, և, հետևաբար, ամեն տարի բռնի ձևով խրամատներ տարված հարյուրավոր աղքատներ սպանված լինելու վախից կշարունակեն սպանել միմյանց։
Կարո՞ղ են արդյոք աղքատները հայտարարել մեռնել չցանկանալու մասին։
Իշխանություններն ասում են, որ չեն կարող։ «Իրավիճակն այնպիսին է, որ ոչ»։ Պատերազմը զոհեր է պահանջում, և «հանգամանքների բերումով» ստացվում է, որ զոհերը աղքատ ընտանիքներից են։ Հայրենիքը չի մոռանա։ Եվ կփոխհատուցի։ Մեջբերում․ «Մեր բանակի զինծառայողները (և նրանց ընտանիքները) մարտական գործողություններից հետո, որոշակի կարգավիճակից(զոհվելուց կամ հաշմվելուց) հետո կստանան արժանապատիվ վճարումներ», «Մեր նպատակն է խրախուսել զինծառայողին, բարձրացնել զինծառայության գրավչությունը»։ 5-10 միլիոն դրամը՝ կյանքի և առողջության դիմաց արժանի փոխհատուցում է, զինծառայողների խրախուսում և զինծառայության գրավչության բարձրացում։
Ի տարբերություն բնակչության զգալի մասի՝ իշխանությունները հասկանում և փաստացի ընդգծում են, որ բանակի հարցը խիստ դասակարգային է։ Չլինի՞ չգիտեն, որ զինծառայողների մեծ մասը, իսկ սահմանագծում ծառայողների բացարձակ մեծամասնությունը, աղքատ ընտանիքներից են։ Հավանաբար, ոմանք անկեղծ ենթադրում են, որ աղքատների համար ավելի հեշտ կլինի մահանալ կամ զրկվել առողջությունից, եթե դրա համար վճարեն։ 5 միլիոն դրամ կյանքի և առողջության դիմաց՝ «զինծառայողին խրախուսելու և զինծառայությունը ավելի գրավիչ դարձնելու համար»։ Մի՞թե մեզ հասցրել են նրան, որ «մահն ու հաշմանդամությունը» 5 միլիոնի դիմաց իրոք «գրավիչ» է։
Հանդե՛ս ենք գալիս պատասխան նախաձեռնությամբ․
բոլոր աշխատավարձ ստացողներով հավաքենք 5 հազարական դրամ և պատգամավորներին, նախարարներին, բանակի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության գեներալներին, դատավորներին, դատախազներին, քննիչներին, հարկահավաքներին, նախագահական ադմինիստրացիայի աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին ուղարկենք ռազմաճակատ։ Խոստանում ենք «արժանապատիվ վճարումներ»․ հինգ անգամ ավելի «արժանանապատիվ»՝ 25 և 50 միլիոն՝ 5 և 10 միլիոնի փոխարեն։ Նրանք ավելի լավ գիտեն՝ ինչպես պաշտպանել հայրենիքը։ Նրանք դրա մասին ավելի շատ ու ավելի հաճախ են խոսում, նրանք ավելի շատ ժամանակ են ունեցել ազգի և հայրենիքի ճակատագրի մասին մտորումների համար։ Նրանք պարզ ու համոզիչ մեզ բացատրեցին, որ պատերազմը անխուսափելի է, իսկ խաղաղությունը՝ անհնար։ Ուրեմն եկեք ոչինչ չխնայենք այս մարդկանց կյանքերի դիմաց․ նրանք երկար տարիներ աշխատել են գրասենյակներում, առանձնատներում, կուրորտներում և ամառանոցներում, բայց, ավաղ, ոչինչ չի ստացվել, քանզի թշնամին խորամանկ է և ագրեսիվ։ Ամեն ինչ պիտի որոշվի մարտի դաշտում, և հիմա նրանց տեղն այնտեղ է։