Իշխանությունները, որոնք մարդկանց զոռով բանակ են տանում, սպաների ու չաստ նայողների մշտական ճնշման ներքո շահագործում են, տանջում և սպանում, զինվորների հարազատներին ստիպում հոգալ հագուստի և սննդի ծախսերը, անընդհատ բարձրացնում զինծառայությունից խուսափելու համար կաշառքի չափը, ռազմական բյուջեից միլիարդներ գողանում, ժողովրդին զինվորի անունից թալանելու նոր ձև են մտածել։
Ազգային ժողովում այսօր քննարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը, որը նախատեսում է ամեն ամիս յուրաքանչյուր քաղաքացուց պարտադիր 1000 դրամ գանձելու միջոցով աջակցել վիրավոր և մահացած զինծառայողների ընտանիքններին։
Օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ-ի դիմաց հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, որոնք պահանջում էին հրաժարվել նախագծից։
«1000 ամոթ» նախաձեռնության համակարգող Նարեկ Սարգսյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ այս նախագիծը նոր հարկատեսակ է, որը կեղծված ընտրությունների հետևանք է, քանի որ իշխանությունը չգիտի՝ ինչ է նշանակում պետություն։
«Պետությունը նախատեսված է նրա համար, որ հավաքի հարկերը և ֆինանսավորի համապատասխան կառույցներն ու ոլորտները։ Այս 1000 դրամների հարկատեսակը ես որակում եմ ցինիզմի դրսևորում, որով կեղեքում են ժողովրդին զինվորների անվան տակ։ Զինվորների անունից հանցագործություն են անում։ Հայաստանում կա 15 հազար ոստիկան։ Ոստիկանության բյուջեն կազմում է 36 միլիարդ դրամ։ Այս հազար դրամները մեր ժողովրդի վրա նստելու են տարեկան 6 միլիարդ դրամ։ Այնինչ՝ կարելի է ոստիկանության բյուջեն առնվազն 2 անգամ կրճատել, և այդ գումարները տրամադրել զինվորներին։ Սա ընդամենը պատրվակ է, որ նորից թալանեն մեզ»,- նշել է Նարեկ Սարգսյանը։
Ցույցին ներկա իրավապաշտպան Արթուր Սաքունցը լրագրողների հետ զրույցում ասել է, որ կառավարությունը պետք է անհապաղ ծրագիր ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսոության կրճատման վերաբերյալ, որը բյուջեին ավելի մեծ եկամուտ կբերի, քան ամսական 1000 դրամների նոր հարկը։
«Ես չեմ պատկերացնում, թե ինչքան կարելի է այսպես շարունակել, բա մեր եկամտահարկը ինչի՞ համար է։ Սա ապուշ մոտեցում է և լրացուցիչ հարկ է, այնինչ ես այդ գումարն արդեն իմ հարկի միջոցով տալիս եմ։ Այս նախագիծը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում հայկական համայնք է գործում, ոչ թե պետություն, ինչը աբսուրդ է։ Մենք ուզում ենք պետական ինստիտուտները աշխատեն։ 2 ամսվա ընթացքում ստվերային տնտեսությունը և կոռուպցիան կրճատելու դեպքում այդ 1000 դրամներով հավաքած փողից ավելի շատ փող կհավաքվի և արժանապատիվ կլուծվի այս հարցը», – ասել է Սաքունցը։
Իրավապաշտպանը հավաստիացրել է, որ եթե Ազգային ժողովն ընդունի այս օրինագիծը, իրենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող ունեցվածքներ ունեցողների ցուցակ կկազմեն ու կներկայացնեն ՀՀ Գլխավոր դատախազություն։