Սննդի անվտանգության պետական տեսչությունը խեցգետինների արտահանման համար որակի հավաստագիր է տալիս միայն երկու ընկերությունների, որոնցից մեկը գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Ակվատիկ» ընկերությունն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Նշենք, որ երեկ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտ 600-700 բնակիչներ բողոքի ցույց էին արել՝ փակելով միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում էին վերացնել խեցգետնի արտահանման արգելքը։
Բողոքի մասնակիցներից Զորիկ Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, պատմել է, որ խեցգետնով բարձված մեքենաները մաքսակետի մոտ չեն ստանում համապատասխան հավաստագրերը, որոնք տրվել են տարիներ շարունակ։
Վեջինիս պնդմամբ՝ ավելի քան 20 ընկերություններ հայտնվել են այդ կարգավիճակում, տեսչությունն ընդամենը երկու ընկերության է որակի հավաստագրեր տրամադրում։ Դրանք են՝ Հայկազ Բաղմանյանին պատկանող «Ակվատիկ»-ը և «Արտ-Բախ յունյոն»-ը, որը համագործակցում է «Ակվատիկի» հետ։
«Ի թիվս այլ բիզնեսների (զորամասերի թեյարաններ, բիլիարդ)՝ Հայկազ Բաղմանյանը զբաղվում է խեցգետին արտահանելով և, ըստ ցուցարարների, դաշտը մենաշնորհելու նկրտումներ ունի․․․մեր զրուցակիցը տպավորություն ուներ, որ դաշտը մենաշնորհում են գեներալի համար», – գրում է օրաթերթը։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ անգամ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն պատկանող «Մխչյան ֆիշ»-ին չեն տրամադրում համապատասխան բժշկական հավաստագիր։
«Մենաշնորհ են ուզում ձևավորել։ Ու այդ մի ընկերությանն են թույլտվություն տալիս։ Մինչեւ վերջերս վարչապետի ընկերությանն էլ էին թույլատրում, բայց հիմա դրան էլ արգելեցին։ Գեներալի ընկերության ներկայացուցիչ ոմն Կարեն զանգում է մյուս ընկերություններին, ասում, որ 1100 դրամով մեր ապրանքը կարտահանի, մինչդեռ Ռուսաստանում 1 կգ խեցգետինը 1400 դրամով է վաճառվում։ Կամ էլ ասում են՝ բերեք, կիլոն 200 դրամով վաճառեք մեզ, մենակ մենք արտահանենք։ Ո՞վ կգնա ծովից հանի, բերի տա իրան», -թերթին պատմել է Նորատուսի բնակիչը։
Բողոքի ակցիայի մասնակիցներին, թերթի տվյալներով, երեկ հանդիպել են Սննդի անվտանգության պետը, Գեղարքունիքի մարզպետը։ Հանդիպումից հետո, Զորիկ Հակոբյանի եղբայրը թերթին հայտնել է, որ խոստացել են, որ բոլորն էլ արտահանման իրավունք կունենան։
«Խոստացել է, որ բոլորն էլ արտահանելու իրավունք կունենան, եթե աշխատեն սահմանված չափանիշների համաձայն։ Մեր խեցգետինն էլ, որն արդեն մի քանի օր է՝ ֆուռերում կանգնած է, կարտահանվի: Հուսանք, որ այդպես կլինի», – ասել է Հակոբյանը:
Սննդի անվտանգության տեսչության մամլո խոսնակ Նվարդ Առաքելյանը, թերթի հետ զրույցում, ասել է, որ արտահանողների ռեեստրում ներկայումս գրանցված 20 ընկերություն կա, որոնք ունեն համապատասխան թույլտվություն, և որևէ մեկին տեսչությունը չի զրկել այդ իրավունքից։
«Պարզապես ԵԱՏՄ հաստատված օրենսդրության շրջանակներում արդեն մեկ ամիս է՝ մշտադիտարկումներ են ընթանում Գեղարքունիքի, Արմավիրիև Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտներում Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն էլ անձամբ է շրջայց կատարել մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու և հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով»։
Խոսնակը հավելել է, որ գործընթացը դեռ շարունակվում է, միայն դրա ավարտից հետո կարելի է խոսել, թե որ և քանի ընկերություններ են զրկվելու համապատասխան լիցենզիայից։
«Այլ շրջանակներից ստացվող տեղեկության համաձայն, իրականում ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու այս գործընթացը որոշ բարձրաստիճաններ փորձում են օգտագործել իրենց օգտին, երկու տասնյակից ավելի անհայտ ընկերություններում կհայտնաբերեն տասնյակ թերություններ, հետո կզրկեն լիցենզիայից, որպեսզի դաշտում մնան մեկ-երկուսը», -գրում է «Հրապարակ»-ը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում