հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / 2016-ին բանակում կտրուկ աճել է ինքնասպանությունների և սպանությունների թիվը. զեկույց

2016-ին բանակում կտրուկ աճել է ինքնասպանությունների և սպանությունների թիվը. զեկույց

Նախորդ տարվա համեմատ այս տարի բանակում կտրուկ աճել է սպանության հետևանքով մահացությունների թիվը՝ 4 անգամ (2015 թ-ին՝ 3, 2016 թ-ին՝ 12), ինքնասպանության դեպքերի թիվը՝ կրկնակի անգամ (2015 թ-ին՝ 5, 2016 թ-ին՝ 10): Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակի կողմից այսօր հրապարակած զեկույցում: Զեկույցի հեղինակները ներկայացնում են ՀՀ զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մահացության դեպքերը:

Համաձայն ուսումնասիրության, 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 146 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև ապրիլին քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ:

Բացի նշվածներից, 2016 թվականի օգոստոս ամսին տեղի ունեցած ավտովթարի պատճառով մահացել է ՌԴ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը:

ՀՔԱՎ-ը ներկայացրել է, թե մահացության 146 դեպքերն ինչ հանգամանքներում են տեղի ունեցել. «Մահացության 146 դեպքերից 77-ը ապրիլի 1- 5-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետևանքով են, իսկ մահացության մյուս 69 դեպքերը՝ այլ պատճառներով՝ հրադադարի ռեժիմի խախտում,  դժբախտ պատահար, բնական աղետ, սպանություն, ինքնասպանություն և այլն»:

ՀՔԱՎ-ը նշել է՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 56 մահացության դեպք, որից  31-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է տեղի ունեցել:  2016-ին հրադարի ռեժիմի հետևանքով մահացության դեպքերը (չհաշված ապրիլյան մարտական գործողությունների և պատերազմական գործողություններից հետո հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհերի թիվը) 3 անգամ նվազել են 2015-ի համեմատ:

Ըստ իրավապաշտպան կազմակերպության տեղեկատվության՝ 146 մահվան դեպքերի հետ կապված հարուցվել է 42 քրեական գործ: Մյուս 104 դեպքերով քրեական գործերի հարուցման վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկատվություն չի հրապարակվել:

Ուսումնասիրությունը վկայում է նաև, որ մահացության դեպքերից 20-ը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում, 126-ը՝ Լեռնային Ղարաբաղի:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ