Տավուշի մարզի զորմասերից մեկի մարտական հենակետի խրամախորշերից մեկում հուլիսի 3-ին ծնոտի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերված ժամկետային զինծառայող, 20-ամյա Արսեն Մխիթարյանը, հնարավոր է, ինքնասպանություն չի գործել, այլ նրան սպանել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մխիթարյանի իրավահաջորդի փաստաբան Նորայր Նորիկյանը (լուսանկարում)։ Արսեն Մխիթարյանը Արմավիրի բնակիչ էր։
Դեպքի առնչությամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Մահացածի հայրը՝ Արթուր Մխիթարյանը, պնդում է՝ զինծառայողին սպանել են, իսկ դեպքի հետ կապված շոշափվում են բարձրաստիճան զինվորականների անուններ:
«Անցել է երեք ամիս, սակայն մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն: Տուժող կողմը դժգոհ է հետաքննության արդյունքներից: Մենք անվստահություն ունենք վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ: Տարվում է անարդյունավետ քննություն։ Այս պահին քրեական գործի վերլուծությամբ մենք հանգել ենք այն համոզմունքին՝ Մխիթարյանի մահվան գործում կան մեղավորներ, որոնք մինչ օրս չեն հայտնաբերվել: Մենք լուրջ կասկածներ ունենք, որ մեղավորը կամ մեղավորներն ունեն ազդեցիկ հովանավոր կամ հովանավորներ, այդ թվում՝ սպաների կազմում, ովքեր անում են ամեն ինչ մահվան հանգամանքները չբացահայտելու համար», ֊ ասել է Նորիկյանը:
Փաստաբանը նշել է նաև, որ չի կարող հայտնել, թե որ բարձրաստիճան մարդկանց մասին է խոսքը, սակայն նա Մխիթարյանի ծառայակիցներից մեկի համագյուղացին է և ղարաբաղյան պատերազմի մասնակից:
Դեպքից հետո, Նորիկյանի խոսքով, իրենք այցելել են զորամաս, զրուցել Մխիթարյանի ծառայակիցների հետ:
«Զրույցի ժամանակ մենք իմացանք, որ մահվանը նախորդող մի քանի օրերի ընթացքում Արսենը լուրջ հոգեբանական խնդիր է ունեցել։ Խնդիրներ է ունեցել նաև այլ զինվորների հետ: Մենք այդ մասին հաղորդել ենք քննչական խմբին, սակայն մեր այդ ասածին նրանք չեն արձագանքել… Մենք անգամ չգիտենք, թե նա սպանվել է իրեն ամրակցված զենքից, թե ոչ», – ասել է Նորիկյանը:
Մահացածի հարազատները դեպքից առաջ խոսել են նրա հետ, սակայն թե ինչ բնույթի խոսակցություններ են եղել, Նորիկյանը չի բացահայտել՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է:
Օգոստոսի 30-ին տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել զինվորական դատախազին՝ քննչական խմբին բացարկ հայտնելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։
«Այն տպավորությունն է, որ ինչ բովանդակությամբ էլ միջնորդություն ներկայացնենք [չեն ընդունի]․․․ Վարույթն իրականացնող մարմինն այն համոզմունքին է, որ մահվան հարցում ոչ մեկը մեղավոր չէ, այդ պատճառով էլ որևէ մեկի նկատմամբ քրեական հետապնդում չեն իրականացնելու»:
Նորիկյանը հորդորել է ՀՀ պաշտոնյաններին, մասնավորապես ՝ նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և նորանշանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին զբաղվել այս հարցով:
«Պաշտպանության նախարարին հորդորում ենք՝ հանձնարարի պարզել, թե առհասարակ ինչ հոգեվիճակ է տիրել այդ զորամասում, ո՞վ է պատասխանատու դրա համար, ո՞վ է ենթարկվել պատասխանատվության և եթե չի ենթարկվել՝ ինչո՞ւ», – ասել է Նորիկյանը:
Նա նշել է, որ Մխիթարյանի ծնողները բացառում են ինքնասպանության վարկածը: Նրանց խոսքով՝ իրենց որդին երբեք չի ունեցել կյանքին վերջ տալու մտքեր: