հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / ՀՀ դատարանները մերժել են․ զոհված զինվորի գործով տուժողներն ուզում են ՄԻԵԴ դիմել

ՀՀ դատարանները մերժել են․ զոհված զինվորի գործով տուժողներն ուզում են ՄԻԵԴ դիմել

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի բնակիչ, զինծառայող Գրիշա Խաչատրյանի մահվան առթիվ հարուցված գործը կարճելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է զինվորի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ) փաստաբան Տաթևիկ Սիրադեղյանը։

«Գործը հարուցվել էր սպանության հոդվածով, սակայն կարճվել էր այն հիմքով, թե քննությունը չի ապացուցել ո՛չ զինվորի սպանությունը, ո՛չ ինքնասպանությունը։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ չի հերքվել մեկ այլ անձի կողմից Խաչատրյանին կյանքից զրկելու, այսինքն՝ սպանության վարկածը։ Չէր կարող կայացվել քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին որոշում», ֊ ասել է Սիրադեղյանը։

Գործը վարույթ ընդունելու մերժումը կողմը ստացել է օգոստոսին, այժմ տուժող կողմը քննարկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հարցը։

Գրիշա Խաչատրյանի մայրը՝ տիկին Նազիկը, Panorama.am֊ի հետ զրույցում լրագրողի «ի՞նչ եք բա մտադիր անել» հարցին պատասխանել է․ «Ի՞նչ անենք։ Որդեկորույս ծնողներն ի՞նչ արեցին։ Ծնողներին թևներից բռնած մայթերից շպրտում էին։ Նայել ենք, տեսել ենք։ Ես ի՞նչ անեմ։ Ես ո՞վ եմ, պետություն կա՞։ Ղեկավար կա՞։ Ո՞ւմ էթամ բողոքեմ»։

Որդեկորույս մայրն ասում է, որ դեպքից հետո դեռ առանց դատաբժշկական կամ այլ քննությունների՝ Պաշտանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը մահացու վիրավորում է ստացել զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:

«Էս բանա՞կ ա։ 11 ամսվա ընթացքում սնունդը ուղարկել ենք, փողը փող ուղարկել ենք, նասկին֊մայկան, էլի ոչինչ, ոչինչ։ Մենկ երեխես սաղ սալամաթ հասներ ինձի»,֊ ասում է մայրը։

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում զոհված Խաչատրայնի մահվան լուրն առաջինը հաստատել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով: