2016 թվականի 6 ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում մահացել է 136 շարքային և պայմանագրային զինծառայող, ինչպես նաև քառօրյա պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականներ: Այս մասին ասվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված տեղեկանքում։
Համաձայն ուսումնասիրության՝ զինծառայողների մահացության 136 դեպքերից 77-ը տեղի են ունեցել ապրիլի 1-5-ը ընկած ժամանակահատվածում՝ ռազմական գործողությունների ընթացքում։ Մահվան մնացած դեպքերը, համաձայն պաշտոնական տեղեկությունների, գրանցվել են այլ պատճառներով (ինքնասպանություն, կանոնադրային հարաբերությունների խախտման հետևանք, բնակական աղետ և այլն)։
Ուսումնասիրության համաձայն, մահացության դեպքերից 17-ը տեղի են ունեցել Հայաստանի տարածքում, 119-ը՝ Լեռնային Ղարաբաղի:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից արված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մահվան 136 դեպքերից 131֊ի ժամանակ է առկա եղել պաշտոնական հաղորդագրություն։
2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայողների մահացության դեպքերն աճել են գրեթե քառակի (2015 թվականի նույն ժամանակահատվածում՝ մահացության 34 դեպք)։
Տեղեկանքում խոսվում է նաև վերջին երեք տարվա տվյալների մասին։
«2013-2016 թթ. ընթացքում մահացությունների թիվը կազմել է 288, որից խաղաղ պայմաններում՝ 114, իսկ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով՝ 174:
Մահացությունների ընդհանուր թվում խաղաղ պայմաններում՝ ոչ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, մահացությունները կազմում են մոտ 40 տոկոս», – ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հրապարակված տեղեկանքի մեջ:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ