հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Զինվորի մահվան դեպքի առթիվ նրա 6 ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել

Զինվորի մահվան դեպքի առթիվ նրա 6 ծառայակիցներին մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբերի 16֊ին մահացած ժամկետային զինծառայող Նարեկ Փաթաթանյանի գործով հարուցված քրեական գործի շրջանակներում 6 անձի մեղադրանք է առաջադրվել, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Փաթաթանյանը ծառայում էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում։

Զինվորը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել սեպտեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ապա տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ 16։30-ի սահմաններում մահացել էր:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել․ Քննչական կոմիտեն նշում է, որ քննության ընթացքում բացահայտել է Փաթաթանյանի նկատմամբ ծառայակիցների կողմից «բռնություն կիրառելու դեպքեր»։

Փաթաթանյանի 6 ծառայակիցներից ոչ ոք չի անցնում սպանության կամ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Մասնավորապես, ժամկետային զինծառայող Հ․ Շահմուրադյանին մեղադրում են շորթման, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ։

Ժամկետային զինծառայող Հ. Ալեքսանյանին՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաև մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու մեջ։ Վերոնշյալ բոլոր հոդվածներով մեղադրվել է Վ.Վարդանյանը, բացի դա, նրան մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին (հրամանատարին) ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու մեջ։

Մի քանի հոդվածներով մեղադրանք առաջդրվել նաև լեյտենանտ Լ. Սարգսյանին՝ Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը, Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, Զինծառայողին վիրավորանք հասցնելը, Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը։

Ժամկետային զինծառայող Գ.Ղուկասյանին մեղադրում են զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու փորձի, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու հանցակցության, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ինչպես նաև շորթման մեջ։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:շ

Շարքային Գ. Մուսիկյանին մեղադրանք է առաջադրվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ։ Նրան առայժմ հանձնել են ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարության հսկողությանը: