ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին օգտատերերի զգալի մասը հարցեր է հնչեցրել բանակում կոռուպցիայի, զենքի, զինամթերքի բացակայության, ինչպես նաև «1000 դրամների» աղմակահարույց օրինագծի մասին։ Բանակային բարքերը քննադատող հարցերը Հովհաննիսյանին դուր չեն եկել․ ՊՆ խոսնակ դրանք միանգամից որակում էր որպես ոչ հայեցի, չհիմնավորված, ազգակործան։
Օգտատերերից մեկը հարց է տվել, թե ինչու զինվորականների մեծամասնությունը մարտական դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր իրենց անհրաժեշտ իրերը վերցնում են խանութից, ինչո՞ւ ՊՆ-ն չի տրամադրում դրանք, արդյոք չունի բավական գումար, թե՞ մսխվում է։
«Ինչքանո՞վ համոզված լինենք, որ զինվորի բաժինը չի վաճառվում», ֊ հարցրել է օգտատերը։
«Հարգելի՛ հայ ժողովուրդ, ցանկացած զինվոր, այդ թվում նաև ես, ժամանակին ծառայել եմ՝ ստանալով ավելի քիչ սննդամթերք։ Հիմա ավելի շատ բան են ստանում, բայց միևնույն է ես էլ, դուք եք և բոլոր բալիկներն էլ փորձելու են նույնանման կերակուրներից բացի, հնարավորության դեպքում ունենալ մայրիկի պատրաստածը, այնպիսի քաղցրավենքիներ, որոնք ՊՆ֊ն չի տալիս․․․ 47 տեսականի բան էլ ուտեք, դուք հոգնելու եք, ուզելու եք ուրիշ բան ուտեք։ Առավել ևս մայրիկների, քույրիկների պատրաստածը։ Բոլորս ուզում ենք տաք գուլպաներ, որ տնից են ուղարկել, տաք սվիտերներ, որ տնից են ուղարկել․․․», ֊ հայտարարել է ՊՆ խոսնակը։
Օգտատերերից մեկն անդրադարձել է Հովհաննիսյանի ՖԲ-ի այն գրառմանը, թե օրվա հացի կարոտներից 1000 դրամը չեն վերցնելու (օրինագծի համաձայն, յուրաքանչյուր աշխատող բանակի ֆոնդին պետք է ամսական 1000 դրամ հատկացնի)։ Օգտատերը նշել է, որ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, Հայաստանում 900 հազար մարդ աղքատ է, ունի հացի խնդիր՝ «չե՞ք կարծում, որ վիրավորում եք այդ մարդկանց»։
Հովհաննիսյանը սկզբում ընդգծել է, որ չի հիշում, թե նման բան է ասել, ապա հայտարարել է, թե հնարավոր է ինչ֊որ մեկի կոպիտ գրածին է կոպիտ պատասխանել։
«Նշեմ, որ այս օրերին հնչեցին մեր ազգին ոչ հարիր բաներ՝ սոված ժողովուրդ, հացին կարոտ, սոված մարդիկ, մտնում եք սոված մարդկանց գրպանները։ Չեմ հիշում նման բան, բայց հնարավոր է, որ ինչ-որ մեկի կոպիտ գրածին այդպես եմ պատասխանել։ Ես նման պիտակավորում չէի կպցնի մեր ժողովրդին»։
Հովհաննիսյանն անդրադարձել է նաև բանակում կատարվող զենքի և ուտելիքի գողության մասին հարցերին․ «Խոսակցությունների մեծ մասը անհիմն են․․․ Դրանք մենք դարձնում ենք հիմնական ճշմարտություն, ինչպես վերջերս տեսանք… Մինչև քառասունքը գնում են զոհվածի տուն ու զգացմունքային խոսքի վրա պնդում, թե գիտեք ինչ կա՝ զորամասում, տանկերում վառելիք չի եղել․․․ Հարգելինե՛րս, դա ապազգային և անհիմն է, ես չեմ ուզում վատ բառեր ասել, դա չհիմավորված, ազգակործան, վտանգավոր գաղափարներ են։ Փառք Աստծո, [բանակը] ավելի թափանցիկ, քան այսօր չի եղել․․․»։
Ինչո՞ւ են բանակում ոչ մարտական պայմաններում զինվորներ սպանվում և դրանք որակվում են որպես ինքնասպանություններ, իսկ սպանողները շարունակում են ծառայել նույն զորամասում։ Այս հարցին Հովհաննիսյանը, ըստ էության, չի պատասխանել՝ նշելով, որ դա ՊՆ֊ի իրավասություններից դուրս է ու դրանով պետք է Քննչական կոմիտեն զբաղվի։
Անդրադառնալով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի այն հայտարարությանը, թե Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի անվան հետ կապվող ընկերությունները թանկ ալյուր են մատակարարում բանակին՝ Հովհաննիսյանն ասել է, որ իրենց ուսումնասիրություններն անհանգստացնող փաստեր ջրի երես չեն հանել․ «Նշված ընկերությունը, որը, ըստ Բադասյանի, կապ ունի Մովսես Հակոբյանի հետ, բայց որն իրականում կապ ուներ նրա եղբոր հետ, մատակարարում էր իր նշած գումարից շատ ավելի ցածր գնով և մատակարարում էր ծավալի մի չնչին հատվածը»։
Այնուամենայնիվ, Հովհաննիսյանը հավելել է, թե մանրամասներ չի կարող հրապարակել, քանի դեռ գործը նախաքննության փուլում է։