Home / Բանակ / ՊՆ-ն հեղինակեց 1000 դրամի օրինագիծը. Ազնավուրը, Թանկյանը թող հսկեն, որ փողերը չուտեն

ՊՆ-ն հեղինակեց 1000 դրամի օրինագիծը. Ազնավուրը, Թանկյանը թող հսկեն, որ փողերը չուտեն

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին հորդորում է «վստահել միմյանց, թե չէ ու՞ր ենք գնալու այս չվստահելով»։ Անհավատներին էլ առաջարկում է հիմնադրամի կառավարման համար կանչել առավել վստահելի մարդկանց՝ Սերժ Թանկյանին և Շառլ Ազնավուրին։ Այս մասին այսօր նա բարձրաձայնել է «Հոդված 3» ակումբում «1000 դրամ»-ների աղմկահարույց նախագծի քննարկման ժամանակ։ Նախագծով յուրաքանչյուր աշխատող անձից ամսական 1000-ական դրամ է փոխանցվելու զինծառայողների աջակցության հիմնադրամին։

ՊՆ մամուլի խոսնակի առաջարկն ուղղված էր «այն անհավատներին», որոնք հիշեցրել են, որ Հայաստանում գործում է նմանատիպ մի հիմնադրամ՝ «Մարտիկ»-ը, որը սակայն «ոչ այնքան ազնիվ և վստահելի է»։ «Մարտիկի» մասին բարձրաձայնել է քննարկման մասնակից, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը։

«Գլոբալ հարցադրումն այն է, որ չենք վստահում։ Գաղափարը լավն է, բայց իրար չենք վստահում չէ՞։ Ո՞ւր ենք գնալու այս չվստահելով․․․ կա առաջարկ, եկեք մասնակցություն ունեցեք կառավարմանը, որ վստահեք մեկդ մյուսին։ Ո՞ւմ չեք վստահում` ՊՆ-ի՞ն․ ՊՆ-ն ընդհանրապես մասնակցություն չունի այս հիմնադրամի կառավարմանը։ Առաջարկում ենք կատարել մի գործ, որի կառավարմանը դուք կմասնակցեք», – ասել է Հովհաննիսյանը։ Այս խոսքի վրա մի կին դահլիճից բղավել է․ «Դուք՝ որպես հեղինակ, պարտավոր եք ձեր վրա վերցնել այդ պատասխանատվությունը»։

ՊՆ խոսնակը ներկայացրել է իրենց հեղինակած «հասարակակենտրոն նախագիծը»։

«Լինելու է համատեղ կամ ավելի շատ հասարակական կենտրոնով կառավարում։ Հիմնադրամի 9-ը անդամներից 3-ը լինելու են հասարակության ներկայացուցիչներ, 3-ին նշանակելու է կառավարությունը, իսկ մյուս 3-ը՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։ 9-ից 5-ն, այսպես ասած, առավել վստահելի մարդիկ են։ Ինչպես տեսնում ենք, մենք ասում ենք՝ եկեք միասին կառավարենք հիմնադրամը։ Այդ 9-ը հոգուց ոչ մեկը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը չի», – ասել է Արծրուն Հովհաննիսյանը։

Այնուամենայնիվ, Բախշյանը նշել է, որ ժողովուրդը չի վստահում նրանց, ովքեր կառավարելու են այդ հիմնադրամը։ Նրա խոսքով՝ լավ կառավարման օրինակներ կան․ մասնավորապես, «Լույս» հիմնադրամի ղեկավար Ժակլին Կարաասլանյանն օրինակելի մարդ է։

«Փայլու՜ն, փայլու՜ն օրինակ, ժողովու՛րդ ջան, հենց էդ էի ի սկզբանե ասում, բերեք հասարակության կողմից 3 վստահված և օրինավոր մարդկանց վստահենք։ Օրինակ՝ Ժակլին Կարաասլանյան, Սերժ Թանկյան, Շառլ Ազնավուր․․․», – ասել է Հովհաննիսյանը։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը նշել է, որ առհասարակ խայտառակություն է այս հարցը բարձրացնել, քանի որ խոսքը ընդամենը 12 միլիոն դոլարի մասին է, այն դեպքում, երբ 1 միլիարդ դոլար հնարավոր է Հայաստանի տնտեսությունում առկա ստվերից հանել։

«Այս հարցը բարձրացնելով՝ պետությունը ցույց է տալիս, որ ինքը սնանկ է և չունի արժանապատվություն։ Ազգային ժողովի վերջին նիստերի ժամանակ միայն 5 պաշտոնյա ասաց, որ բյուջեում փող չկա, բայց մեր երկրի բյուջեից դուրս բյուջե կա», – ասել է Մանուկյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ այսօր ԱԺ-ում նախագծին կողմ քվեարկած պատգամավորներն էլ իրականում կողմ չեն, սակայն բոլորը՝ բացի երեքից, այնուամենայնիվ, կողմ են քվեարկել։