Իշխանությունները, որոնք մարդկանց զոռով բանակ են տանում, սպաների ու չաստ նայողների մշտական ճնշման ներքո շահագործում են, տանջում և սպանում, զինվորների հարազատներին ստիպում հոգալ հագուստի և սննդի ծախսերը, անընդհատ բարձրացնում զինծառայությունից խուսափելու համար կաշառքի չափը, ռազմական բյուջեից միլիարդներ գողանում, ժողովրդին զինվորի անունից թալանելու նոր ձև են մտածել։
Սպանված կամ վիրավորված զինծառայողներին և նրանց ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար նոր հիմնադրամ ստեղծելու Կառավարության առաջարկի քննարկմանը ԱԺ֊ում, պատգամավորները իրենց կասկածներն ու մտավախություններն են հայտնել։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրիա Զոհրաբյանն ասել է, որ իրեն հայտնի չէ, օրինակ, նմանատիպ «Մարտիկ» հիմանադրամի կամ Ղարաբաղում ապրիլյան էսկալացիայի պատրվակով պատգամավորներից հավաքված գումարների ճակատագիրը։
«Դուք տեղյա՞կ եք՝ ինչ եղավ «Մարտիկ» հիմանադրամում կուտակված գումարերի հետ, որը տնօրինում էր դաշնակցական մեր գործընկեր, ԼՂ փոխվարչապետը, որքան տեղյակ ենք, բացի անվանարկումներից ՝ Բաղշխյան֊Աղաբեկյան տիրույթում մենք այլ պարզաբանումներ չստացանք, իսկ այնտեղ բավականին լուրջ գումարներ էին հավաքվել», ֊ ասել է Զոհրաբյանը։
Հարցին պատասխանելով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն (լուսանկարում) ասել է, որ «այո, մենք ունեցել ենք հաջող և անհաջող հիմնադրամների փորձեր, ես չեմ կարող դրանցից յուրաքանչյուրը մեկնաբանել»։
Պատգամավորը նաև հարցրել է՝ արդյո՞ք Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 50 միլիոն դրամ ծախսել հունվարի 28-ի համերգի համար։ Վիգեն Սարգսյանն ասել է, որ այդ հոդվածը վերաբերել է անցյալ տարվա համերգին։ «Անելու ենք արդյո՞ք համերգ բանակի օրը։ Իհարկե անելու ենք, որովհետև դա մեր քարոզչական աշխատանքի կարևոր մասն է»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը խնդրել է Պաշտպանության նախարարին ասել՝ արդյոք նա գիտի հիմնադրամի և ներդրումային ֆոնդի տարբերությունը։ «Երկրորդ․ ասում եք նպաստ չի, ապահովագրություն է։ Այդ դեպքում ցույց տվեք ապահովագրական ռիսկը։ Եվ եթե ապահովագրական ռիսկ չկա, ի՞նչ կարիք կա հիմնադրամ ստեղծելու, ի՞նչ կարիք կա Կենտրոնական բանկին ներգրավելու, ի՞նչ կարիք կա էդ փողը տանել արտասահմանյան արժեթղթերում ներդնելու։ Երրորդ․ մինչև էս գիտեինք, որ պարտադիր վճարները, որոնք կատարվում են ռեգուլյար, անվանում ենք հարկ։ Ինչո՞ւ զինվորը, որը պաշտպանում է հայրենիքը, աշխատավարձ չի ստանում՝ ուժի մեջ թողնելով պարտադիր զինծառայության թեզը», ֊ ասել է Բագրատյանը՝ կարևորելով, որ պետությունը պետք է մտածի նաև դեռևս ողջ զինծառայողների մասին։
Նախարար Սարգսյանն ասել է, որ թեև հիմնադրամի և ներդրումային ֆոնդի մեջ կան տարբերություներ, «դա չի նշանակում, որ հիմնադրամը չի կարող իր միջոցները կառավարել՝ այդ թվում ներդնելով արժեթղթերի մեջ»։
ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանը նկատել է, որ այս հիմնադրամը ստեղծված է միայն հակառակորդի գնդակից զոհված կամ վիրավորված զինվորների համար։ «Ծնողի համար ամենևին կարևոր չէ՝ իր զավակը զոհվեց թշնամու գնդակից, թե որևէ ստահակի գնդակից՝ զորամասում»,֊ ասել է Վարդանյանը։
Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ հիմնադրամի շահառուներն են «մարտական գործողություն կամ մարտական հերթապահություն իրականացնելիս կամ հատուկ հանձնարարություն կատարելիս, այսինքն՝ խոսքը վերաբերում է ուղիղ հակառակորդի հետ շփման մեջ վտանգվող զինծառայողներին»։