Home / Տեսանյութեր / Զինվորը չէր կարող միաժամանակ կրակել իր կզակին և ոտքին․ փորձագետը հերքում է ինքնասպանության վարկածը

Զինվորը չէր կարող միաժամանակ կրակել իր կզակին և ոտքին․ փորձագետը հերքում է ինքնասպանության վարկածը

2013 թվականի հուլիսի 31-ին Երևանի զորամասերից մեկում մահացած Մանուչար Մանուչարյանի գործով անցնող Բաբկեն Գաբոյանն ու Արման Ստեփանյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Նրանք մեղադրվում են Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու մեջ, մինչդեռ ինքնասպանության վարկածն արժանահավատ չի համարում նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը։ Վերջինս Epress.am֊ի հետ զրույցում ասել է, որ համոզմունք ունի, թե սերժանտ Ստեփանյանը և կրտսեր սերժանտ Գաբոյանը մեղադրանքի և սպանության հետ կապ չունեն։

Այսօր Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ Գաբոյանը պնդել է, որ ինքը Մանուչարյանի հետ ոչ մի խնդիր չի ունեցել, չնայած մեղադրականում հակառակն է նշված։ Նա նաև ասել է, որ վկաներից և ոչ մեկը չի հաստատել մեղադրանքի այն կետը, թե ինքը ոտքերով հարվածել է Մանուչարյանին։

Նույնկերպ Արման Ստեփանյանը պնդել է, որ ինքը ծառայության ընթացքում Մանուչարյանի վրա ճնշումներ չի գործադրել։ Երկու մեղադրյալներն էլ, ովքեր մոտ 3 տարի է անազատության մեջ են գտնվում, այսօր հրաժարվել են պատասխանել մեղադրող դատախազի հարցերին։

Դատական նիստից հետո Արման Ստեփանյանի փաստաբան Նորայր Նորիկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ մեղադրանքը չի ապացուցվում վկաների ցուցմունքներով։ Նա, մասնավորապես, մեջբերել է վկաներից մեկի խոսքերը, թե դեպքից մեկ ժամ առաջ Մանուչարյանը անեկդոտ է պատմել ծառայակիցներին, բարձր տրամադրություն է ունեցել։ Բացի դա, մեղադրանքում խոսվում է մի դրվագի մասին, թե Ստեփանյանը սենյակում այլ զինվորների ներկայությամբ մի քանի րոպե շարունակ բռունցքներով հարվածել է Մանուչարյանին, սակայն վկաներից և ոչ մեկը դատարանում ծեծի փաստը չի հաստատել։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դեռևս 2013 թվականին՝ դեպքից հետո պնդում էր, թե ինքնասպանության վարկածը հորինված է քննչական մարմնի կողմից։ Այն ժամանակ նա, մասնավորապես, նշել էր, որ ինքնաձիգի վրա, որից Մանուչարյանը իբր ինքնասպան էր եղել, չեն եղել մատնահետքեր։ Այսօր էլ Epress.am֊ի հետ զրույցում նա նույնն է ասել՝ նշելով, որ տարիների ընթացքում ինքն ավելի շատ ապացույցներ է ձեռք բերել, որոնք հաստատում են իր կարծիքը։

Նա ընդգծել է, որ այս տարվա ապրիլի 23-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Հաղորդման համաձայն, «միակողմանի, կեղծ, քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով ուղեկցված նախաքննության արդյունքում դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն»։

Պաշտոնական վարկածի համաձայն, Մանուչարյանը ինքնաձիգից ավտոմատ կրակահերթով երեք կրակոց է հասցրել իր գլխի շրջանում։ Ռուբեն Մարտիրոսյանը, սակայն, ընդգծել է, որ դեպքից հետո քննիչ Մ․Նալբանդյանը Մանուչարյանի հագուստների զննման ժամանակ հայտնաբերել է 5մմ տրամագծով անցք աջ ոտքի հետնամասում՝ ազդրի շրջանում, որի եզրերը այրվածքի հետքերով են։

Ռազմական փորձագետը պնդում է, որ տաբատի վրա հայտնաբերված վնասվածքը բնորոշ է հրազենային գնդակի վնասվածքի:

«Եթե նախաքննական մարմինը ապացուցված է համարել, թե իբր Մանուչարյանը ինքնասպանություն է գործել իր կզակի շրջանում երեք հրազենային վնասվածքներ հասցնելու հետևանքով, ապա այս չորրորդ վնասվածքը, որը Մանուչարյանը չէր կարող ինքն իրեն հասցնել, վկայում է այն մասին, որ կատարվածը դիտավորյալ սպանություն է և, որ երկու փորձագետներ՝ դատաձգաբան Ա. Համբարձումյանը և դատահետքաբան Գ.Ավետիսյանը կատարել են հանցագործություն, որի համար նախատեսված է պատիժ ՀՀ օրենսգրքի 338-րդ հոդվածով (Սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը): Նշեմ նաև, որ այս հանցագործության արդյունքում երկու անմեղ երիտասարդներ՝ Գաբոյանը և Ստեփանյանը շուրջ 2.9 տարի է, ինչ գտնվում են կալանքի տակ իրենց չկատարած հանցանքի՝ իբր Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու համար», ֊ Կոստանյանին ուղարկված հաղորդման մեջ նշել է Մարտիրոսյանը:

Վերջինս նաև ընդգծել է, որ դատարանում հարցաքննված դատաձգաբան Համբարձումյանը հայտարարել է, որ ինքը Մանուչարյանի տաբատը չի հետազոտել, ինչը, Մարտիրոսյանի խոսքով, նույնպես հանցագործություն է:

Այսպիսով, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդել է գլխավոր դատախազին ստուգել իր կողմից տրված փաստերը, և, եթե դրանք համապատասխանում են իրականությանը, երկու փորձագետների նկատմամբ սկսել քրեական հետապնդում։

Մարտիրոսյանը նաև նշել է, որ մոտ մեկ և կես ամիս է անցել իր հաղորդումից, սակայն Դատախազությունից ոչ մի պատասխան չի ստացել։