«1000 դրամների» Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը վկայում է, որ բազմամյա թալանի, կողոպուտի, կամայականությունների հետևանքով պետությունը հասցվել է տնտեսական աղետի, դեֆոլտի եզրին։ Այս մասին ասված է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարությունում։
Հայտարարության հեղինակները նշում են, որ հետխորհրդային երկրներից ոչ մեկի ժողովուրդն «իր բանակին, զինված ուժերին այնքան գորովանքով չի վերաբերվել, նրա համար այնքան զոհողություններ չի արել, որքան Հայաստանի ժողովուրդը, և ապրիլյան պատերազմը հերթական անգամ ապացուցեց դա»։
«Բանակի սոցիայական կարիքների վկայակոչմամբ, յուրաքանչյուր աշխատողից անխտիր 1000-ական դրամ պահելու մասին իշխանության՝ էժանագին հայրենասիրական կարգախոսներով համեմված նախաձեռնությունը հասարակական հակազդեցության արժանացավ։ Հակազդեցության հիմքում միայն անվստահությունը չէ միլիարդներ թալանած իշխանավորների նկատմամբ, ոչ էլ այն, որ արտառոց այս հարկատեսակը տարբերակում չունի եւ բոլորից նույն չափով է գանձվելու։ Խնդիրը նաև հազար դրամի ֆինանսական կողմը չէ՝ չնայած երկրում առկա աղքատության բարձր տոկոսին և մեծագույն մասի աշխատավարձերի խղճուկությանը…
Վարչախումբը զուրկ է տարրական պետական մտածելակերպից, ունակ չէ դատել պետական կատեգորիաներով և պետությունը շփոթում է պետականազուրկ համայնքի հետ։ Այսօրինակ խնդիրները պետականության պայմաններում լուծվում են համապատասխան հարկային քաղաքականությամբ՝ միմիայն բյուջեի միջոցով։
Բանակի համար ամեն ինչ տված ժողովրդից այս կերպ փող կորզելն այդպիսի մի նուրբ ու խիստ զգացական առիթով՝ ցինիզմ է, վիրավորանք յուրաքանչյուրի մարդկային և ազգային արժանապատվությանը», ֊ նշում է ՀԱԿ֊ը։
Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ, զգալով ժողովրդի միահամուռ հակազդեցությունը, իշխանությունն այժմ էլ նախապատրաստվում է 1000-ական դրամների վճարման պարտադիր սկզբունքը փոխարինել կամավորությամբ՝ թույլ տալով յուրաքանչյուրին դիմում գրելով հրաժարվել դրանից։
«Այս հարցում, սակայն, անհատականացման նման սկզբունքի ներդրումը շատ ավելի անբարոյական է և նվաստացուցիչ յուրաքանչյուրի համար։
Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում պատգամավորներին՝ չտրվել վարչախմբի խաբեական, մարդկանց նվիրական զգացումները անպարկեշտորեն շահագործող, «հայրենասիրական» հռչակված ձեռնածությանը, առաջնորդվել պետական-քաղաքական մտածողությամբ և երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել հայկական պետականությունը խայտառակող այս օրինագծին», ֊ եզրափակում է հայտարարությունը։