Հայաստանում բնակչության 30 տոկոսն աղքատ է, իսկ 8 տարեկանից ցածր երեխաների շրջանում այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 34 տոկոս։ Ընդ որում, այդ երեխաների 3 տոկոսը ծայրահեղ աղքատ է։ Այս մասին ասված է մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերլուծության մեջ։
Երեխաների սոցիալական պայմանները գնահատելիս՝ հետազոտողները հաշվի են առել ոչ միայն ֆինանսական տվյալները, այլև կյանքի որակի այլ պայմանները՝ սնուցումը, հագուստը, կրթությունը և այլն։ Օրինակ, երեխան խոցելի է համարվում բնակարանային պայմանների առումով, եթե նա ապրում է գերբնակեցված տնային տնտեսություններում, կամ կիսաքանդ պատերով ու պատուհաններով տանը։ Բնակարանային պայմանների, ժամանցի և կոմունալ ծառայությունների առումով Հայաստանում խոցելի է յուրաքանչյուր երկու երեխաներից մեկը։
Այսպես՝ Հայաստանում երեխաների 64 տոկոսը խոցելի է՝ ըստ աղքատության երկու և ավելի դրսևորումների։ Խոցելի երեխաների մասնաբաժինը գյուղական բնակավայրերում հասնում է 82 տոկոսի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այդ թիվը 53 տոկոս է։ Գյուղական համայնքներում լուրջ խնդիր է ջեռուցումը․ երեխաների 80 տոկոսն ապրում է չջեռուցող կամ փայտով ջեռուցվող տներում։
Հետազոտողները վերլուծության արդյունքները մտահոգիչ են համարում․ նրանք ընդգծում են, որ երեխաների 72 տոկոսը կամ աղքատ է, կամ խոցելի, կամ և՛ աղքատ, և՛ խոցելի։
Վերլուծության հեղինակները նշում են նաև, որ այդ ամենն անդրադառում է երեխաների ֆիզիկական զարգացման վրա․ Հայաստանում երեխաների 18 տոկոսը թերաճ է, իսկ 16 տոկոսը՝ գերքաշ։