Տարբեր տարիներին բանակում զոհված և անհետ կորած ազատամարտիկների և զինծառայողների մայրերը՝ Մարգարիտա Խաչատրյանի (ռազմական իշխանությանը լոյալ հասարակական գործիչ, զոհված զինվորի մայր, հայտնի որպես Մառոզ – խմբ․) հետ միասին եկել էին կառավարության շենքի մոտ։ Նրանք կառավարությունից փոխհատուցում էին պահանջում՝ հիշատակելով 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի զոհերի ու 2016 թվականի ապրիլին Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի հարազատներին հատկացված վճարները։ Նրանց հետ հանդիպման իջավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Եկեք այնպես չստացվի, որ որևէ հարց ավելի լավ է չլուծենք, որովհետև ուրիշ շահառուներ գալու են, ասեն՝ իսկ մեր հարցը չլուծեցիք»։
Կանանց խոսքով՝ ցույցից առաջ հավաքվել են տիկին Մարգոյի մոտ։ «Կանչել ա իրա գրասենյակ, մի 7-8 օր առաջ», – ասաց մայրերից մեկը։ Epress.am-ի զրուցակցի խոսքով՝ «Զինվոր» ՀԿ-ի նախագահն այլ կազմակերպությունների հետ միասին դիմում էր կազմել և ուղարկել վարչապետին։ Հավաքվածների՝ «մեզ էլ հատկացրեք գումար, որ մենք արժանապատիվ ապրենք» պահանջով դիմումում հնչում էր 7 օրվա ընթացքում պատասխանելու խնդրանքը։ Վարչապետը 7 օրվա ընթացքում չի պատասխանել, ինչից հետո զոհվածների հարազատները որոշել են սեպտեմբերի 19-ին գալ կառավարության շենքի մոտ։
Խոսակցությանը միջամտեց ակցիայի մեկ ուրիշ մասնակից՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանը «նոր չափորոշիչ է որոշել․ մարտի մեկի զոհերին տա 30 միլիոն դրամ, հաշմանդամներին՝ 15 միլիոն, քիչ վիրավորածներին՝ 5 միլիոն։ Այսինքն մարտի մեկի զոհին հավասարեցրել է սահմանում կանգնած տղաների նույն մակարդակին։ Եթե նրա համար իրանք էլ են զոհված, ուրեմն մեր տղաներն առաջնահերթ զոհվածներ են»։
«2016 թվականի քառօրյայի զոհվածների ընտանիքները 200 հազար են ստանում, իսկ մենք՝ 30 հազար․․․», – ասաց կանանցից մեկը։ «Լավ, քառօրյան ինչ որ է, հիմա մենք մեր հարցով ենք եկել», – արձագանքեց մյուսը։
Մարգարիտա Խաչատրյանը, ով նստացույց էր անում կառավարության մուտքի, հայտարարեց, որ խնդրին անհապաղ լուծում չտալու դեպքում անժամկետ հացադուլ է անելու։
«Ես հիասթափվել եմ, որ 28 տարի բանակի կողքին կանգնել եմ։ Դռներ թակելով, սրա-նրա զոհվածի ընտանիքի կողքին կանգնելով՝ ինքս լռեցրել եմ մայրերին, բայց չարաչար սխալվել եմ։ Եկել է պահը, որ մայրերը իրենց որդիների գին անգինը պահանջեն կառավարությունից,» – լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Խաչատրյանը։
Ցուցարար կանանցից մյուսը հայտարարեց՝ իրենք ընդհամենը հավասար վերաբերմունք են պահանջում․ «Մեր զոհվածների մամաներին չկապեք ո՛չ ռոբականների, ո՛չ սերժականների, ո՛չ էլ նիկոլականների հետ։ Մենք մեր արդար պատասխանն ենք ուզում»։
Ավելի ուշ ցուցարարների մոտ դուրս եկած վարչապետը նախ պատմեց մեկ տարի առաջ իրեն մոտեցած և խորապես վրավորված լինելու մասին հայտնած զոհված զինվորների ծնողների մասին․ «Երբ ես 2018 թվականին դարձա վարչապետ, Հայաստանի զինծառայողների պաշտպանության հիմնադրամը վճարում էր 2017 թվականի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Առաջին որոշումներից մեկը, որ մենք կայացրեցին՝ հիմնադրամի փոխհատուցումների ժամկետը երեք տարով տարանք հետ, այսինքն՝ սկսվեց վճարվել 2014 թվականից։
Սեպտեմբերի 21-ի առիթով, երբ Եռաբլուրում էինք, զոհված զինվորների մայրերից մի քանի հոգի մոտեցան ինձ և ասացին՝ մենք խորապես վիրավորված ենք ձեզանից, դուք մեզ վիրավորել եք։ Ես ասացի՝ բայց, կներեք, ի՞նչ եմ արել․․․ մտքովս չի անցնում, թե ինչու են մարդիկ այդպես ասում։ Ասում են՝ հազար դրամների հիմնադրամը երեք տարի հետ եք տարել, բայց, օրինակ, մեր երեխաները զոհվել են 2011 թվականին և մենք խորապես վիրավորված ենք։
Ես իրենց ասեցի՝ ես բոլորիդ առաջ խոնարհվում եմ, բայց այդ որոշման մեջ դուք ոչ թե պետք է վիրավորանք տեսնեք ձեր հասցեին, այլ ընդհակառակը՝ պետք է քաջալերվեք՝ տեսնելով, որ կառավարությունը այս պահին այդպիսի քայլ է արել և կառավարությունը այդ ուղղությամբ է գնում։ Եվ դրանից ընդհամները 7 ամիս հետո այդ նույն հազար դրամի հիմնադրամների հետ կապված որոշում կայացվեց, որից հետո սկսել ենք վճարել 2008 թվականի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Այսինքն՝ ընդհամենը մեկ տարվա մեջ մենք վճարման դեպքերը 9-ը տարով հետ ենք տարել: Մեր խնդիրն է, որ այս հիմնադրամը հետ գնա մինչև իննսունականներ:
Ես խնդրանք ունեմ մեր երկրի բոլոր քաղաքացիներից․ երբ մենք որևէ տեղ որևէ հարց ենք լուծում, ես ձեզ խնդրում եմ, որ ձեր ռեակցիան չլինի՝ մենք վիրավորվեցինք, որովհետև այ նրա հարցը լուծեցիք, իսկ մեր հարցը չլուծեցիք։ Ես որպես վարչապետ ամաչում եմ, որ այսպիսի խնդրի եմ անդրադառնում, որովհետև համարում եմ, որ այս հարցը վաղուց պետք է լուծված լիներ։ Ես ներողություն եմ խնդրում ձեզնից բոլորից, որ ձեր հարցը մինչև այսօր լուծված չէ։ Մեզ հնարավորություն տվեք, որ մենք այդ հարցերը հերթով լուծենք»։
Նա հավելեց, որ մոտ ապագայում կլուծվի նաև ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման խնդիրը։ «Ես Պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, և այդ փաստաթուղթը արդեն շրջանառվում է, որով մեր շահառուների շրջանակը կընդլայնվի,» – ասաց Փաշինյանը։
Վարչապետի գնալուց հետո ակցիայի մասնակիցները սկսեցին հեռանալ։
Կառավարության շենքի դիմաց՝ հիմնական ցույցից որոշակի հեռավորության վրա, բողոքի ցույց էին անում նաև սևազգեստ մայրերը, ովքեր ամեն շաբաթ գալիս են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները։