Զինապարտության և զինծառայության մասին նոր օրենքով սահմանված «Ես եմ» ծրագրում առկա է խտրական մոտեցում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» թեմայով քննարկման ժամանակ ասել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
«Այն ասում է՝ ես ձեզ ծառայության դիմաց կտամ փոխհատուցում, միայն եթե մարտական հերթապահության դիրքերում ծառայեք։ Մյուսներում նման մոտեցում չկա։ 1000 դրամների հիմնադրամը, որի առնչությամբ մենք դատական քննության փուլում ենք, քանի որ գտնում ենք, որ ապօրինի է, ևս խտրական վերաբերմունք է պարունակում։ Հիմնադրամի ֆինանսական միջոցներն օգտագործվում է միայն մարտական հերթապահության ժամանակ մահացածներին կամ վիրավորներին փոխհատուցելու համար։ Բա մնացա՞ծը»,֊ ասել է Սաքունցը։
Լրագրողներից մեկն ասել է, որ կանոնադրական հարաբերությունների խախտման հետևանքով վիրավորվածներին կամ մահացածներին գումար տրամադրվում է, ինչը բանախոսը հերքել է։
«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ չկա իրավական համապատասխան նորմը, որով կանոնադրական հարաբերությունների հետևանքով վնասվածք ստացած կամ մահացածի հարազատը պետք է ստանա փոխհատուցման այն գումարը, որը նախատեսված է 1000 դրամների հիմնադրամով», ֊ նշել է իրավապաշտպանը։