Կառավարությունը մտադիր է փոփոխել դրոշմանիշային պարտադիր վճարների (1000 դրամների) չափը և, ինչպես այսօրվա կառավարության նիստին նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դարձնել դրանք «կիսապրոգրեսիվ»։
Ըստ նախարարի՝ գանձման չափը բարձրանալու է՝ կախված վճարողի եկամուտից։ Մինչև 100 հազար դրամ եկամուտ ունեցողները, ըստ նախագծի, վճարելու են ամսական 1500 դրամ, 100-200 հազար դրամ եկամուտ ունեցողները՝ 3000 դրամ․․․ և այսպես՝ մինչև 15 000 դրամ՝ այն մարդկանց համար, ում ամսական եկամուտը գերազանցում է 1 միլիոնը։ Կարգավորումը տարածվելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա։
Նախարարը նշել է, որ զինծառայողներից ու պահեստազորայիններից բացի՝ փոխհատուցում կարող են ստանալ նաև կամավորականները․ նրանք պետք է դիմեն Պաշտպանության նախարարություն, ստանան տեղեկանք, որից հետո՝ դիմեն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ փոխհատուցման համար։
Նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում։
Հիմնադրամի՝ 1000 դրամներից և նվիրատվություններից գոյացած միջոցները բավարար չեն՝ պատերազմի բոլոր զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխահատուցում տրամադրելու համար։ Հիմնադրամն այս պահին գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում․ զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած մարդկանց ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի, ինչի մասին փաստում էր նաև Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։
Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, հիմնադրամը
― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կամ նրանց հարազատներին տրամադրում է 82 միլիոն դրամ (շուրջ $160,000) հատուցում, որից 10 միլիոն դրամը (շուրջ $19,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաները ստանում են 70 միլիոն (շուրջ $137,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողների՝ 58 միլիոն (շուրջ $113,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին՝ 53 միլիոն դրամ (շուրջ $103,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 41 միլիոն դրամ (շուրջ $80,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:
– Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($56,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։
Զինծառայողը, որոնք ունեն երեք և ավելի երեխա, ստանում է լրավճար (ավելի մանրամասն՝ այստեղ)։