Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը պայքարի ամենավճռական օր են նշանակել, ստիպված փողոց են դուրս եկել օլիգարխների ընկերություններում աշխատող մարդիկ։
Epress.am-ի լրագրողը զրուցել է «Դերժավա» ընկերությունների խմբին պատկանող KFC սննդի ցանցի աշխատակիցների հետ։ «Դերժավա»-ն հանրապետական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի բիզնեսն է։
Նախորդող օրերին KFC ցանցի տնօրեններին հավաքում էին Տիգրած Մեծ փողոցի մասնաճյուղում (նման հարցերն այստեղ են քննարկվում) և տեղեկացնում, որ ամեն մասնաճյուղի աշխատողներից 5-6 մարդ հերթափոխով պետք է գա հավաքներին։ Նշել են, որ դա գործադուլ չի՝ մարդիկ ներկայանում են իրենց հանգստյան օրի հաշվին։
Աշխատողներին զգուշացրել են, որ իրենք ընտրություն չունեն․ «Չենք հարցնում՝ գալու եք, թե չէ…»:
Ըստ մեր զրուցակիցների, առաջին անգամը չէ, երբ «Դերժավայի» ղեկավարությունը ճնշում է աշխատողներին․ 2018-ի զանգվածային փողոցային անհնազանդության առաջին օրերին մարդկանց արգելում էին մասնակցել քրեա-օլիգարխիկ իշխանությունների դեմ երթերին և հանրահավաքներին։
KFC-ի աշխատողները նշում են նաև, որ եթե 2018-ին իրենք մեծ քանակով և անվճար սնունդ էին մատակարարում ուժային կառույցների աշխատակիցներին, ապա 2020-ի հետպատերազմական շրջանում մեծ պատվերները գնում են 17 կուսակցությունների միջոցառումների մասնակիցներին հագեցնելու։
Զրուցակիցները հիշեցին նաև, որ 2020-ի սկզբին «Դերժավայի» մյուս ընկերությունների աշխատակիցներին ստիպում էին մասնակցել Հայաստանի նախկին ղեկավար, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով դատավարությանը՝ նրան աջակցելու, պետք եղած ժամանակ՝ «Սերժ հերոս» գոռալու նպատակով: