Մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ կոչ անելով տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին։
Պաշտոնական հաղորդագրության միջոցով ԱԱԾ-ն տեղեկացնում, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որևէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որևէ հավաքի։
Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ներկայումս առկա են Հայաստանի Հանրապետությունում զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ, ուստի ևս մեկ անգամ հորդորում է տուրք չտալ հնարավոր սադրանքներին, ցուցաբերել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ հանրության մեջ ատելություն, թշնամանք տարածելու, հրապարակային ելույթներում բռնություն գործադրելու կոչեր կամ որպես բռնություն ընկալվող արտահայտություններ հնչեցնելու անթույլատրելի գործելաոճից, որոնք իրական նախադրյալներ կարող են ստեղծել երկրի ներքին անվտանգության խաթարման կամ այլ հանցավոր դրսևորումների կատարման համար, ուստի զգուշացվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկելու է օրենքով նախատեսված գործուն միջոցներ՝ հասարակական անվտանգությունն ապահովելու, պետության և քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու ուղղությամբ՝ չեզոքացնելով Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությունն ապակայունացնող ցանկացած տեսակի գործողություն։
Ավելի վաղ դատախազությունն էր կոչ արել քաղաքացիներին զերծ մնալ հանցավոր հնարավոր դրսևորումներից։