Երևանի Կամարակի փողոց, 2րդ նրբանցք հասցեում գործող «Մեր բակ» մանկապարտեզում 2,5 տարեկան զույգ աղջիկները՝ Եվան և Արփին, հոգեբանական և ֆիզիկական բռնության են ենթարկվել, ահազանգում է նրանց մայրիկը։
Ըստ Վիկտորյա Ռստակյանի, նրանք մանկապարտեզ են սկսել հաճախել նոյեմբերի 30-ից, արդեն երկու օր անց ծնողները տաօրինակ վարք են նկատել երեխաների մոտ՝ ագրեսիա, վախ, քնի խախտում, դեպրեսիվ տրամադրություն և այլն: Մանկապարտեզում երեխաների հանդեպ հնարավոր վատ վերաբերմունքը բացառելու համար՝ ծնողները ձայնագրող սարք են տեղադրել երեխաներից մեկի տիկնիկի մեջ և դեկտեմբերի 3-ին ձայնագրել երեխաների օրը մանկապարտեզում:
Պարզվել է, որ հաստատությունում երեխաներին ծեծում են, անպատվում, վախացնում, սպառնալով, օրինակ, մութ սենյակ տանել, դանակով վիզը կտրել:
«Երեխաներին անպատվում են և ծաղրում: Այս ամենը ձայնագրված է և կան անհերքելի փաստեր:
Երբ փորձ ենք արել տնօրենի հետ պարզաբանել ստեղծված իրավիճակը, տնօրենը կաշառք է առաջարկել մեզ՝ հարցին հնչեղություն չտալու խնդրանքով: Այս հեռախոսազրույցի ձայնագրությունը ևս առկա է», – հայտնել է երեխաների մայրը։
Ծնողների մի խումբ, որոնց երեխաները ևս բռնության են ենթարկվել, ոստիկանություն են դիմել:
Տնօրեն Անի Հայրապետյանը լրագրողների հետ շփվել չի ցանկանում։ Ըստ ծնողների՝ վերջինս խոստացել էր, որ նման բան այլևս չի կրկնվի։ Շատերն արդեն հրաժարվում են երեխաներին «Մեր բակ» տանել։
Բռնության գործադրումը, ի դեպ, Հայրապետյանը հերքում է։ «Նրանց սաստում էին», – «Արմենիա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր տնօրենը՝ խոստանալով հայտարարությամբ հանդես գալ։
Երեխաների մոր տրամադրած ձայնագրություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://drive.google.com/drive/folders/1HD6spv7K9aTAI_qf4AYiSRUDnxTGH4T6?usp=sharing
https://drive.google.com/drive/folders/1I6o4TmKpd1sKX35CYJV1gMYcn9979EFc?usp=sharing