Home / Հայաստան / Բայրաքթարով հետաքրքրվող ռուս լրագրողներին ազատ արձակեցին

Բայրաքթարով հետաքրքրվող ռուս լրագրողներին ազատ արձակեցին

Ստամբուլի դատարանը ազատ է արձակել ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողներին։ Շուտով նրանք Թուրքիայից կարտաքսվեն Ռուսաստան, հայտնել է հեռուստաալիքի խոսնակը։

Ռուսական ТАСС գործակալությունը գրել է, որ Ստամբուլում ձերբակալված НТВ-ի լրագրողները ռեպորտաժ էին պատրաստում թուրքական Բայրաքթար (Bayraktar) ԱԹՍ-ների մասին, որոնք ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում լայնորեն կիրառվում էին ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից։

НТВ հեռուստաընկերության թղթակիցն ու օպերատորը՝ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, ձերբակալվել են դեկտեմբերի 3-ին՝ «թուրքական անվտանգության օբյեկտների չարտոնված նկարահանման համար»։ Հաջորդ օրը Ռուսաստանի արտգործնախարարությունունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարել էր․ «Դեկտեմբերի 3-ից չի հաջողվում կապ հաստատել НТВ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» նախագծի լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի հետ։ Նրանց հետ վերջին անգամ խոսել ենք չորեքշաբթի օրը ժամը 12:22-ին։ Լրագրողները հայտնել են, որ իրենց ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ»։ Ձերբակալման պատճառներն այն անագմ չէին նշվել։

Նշենք, որ Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որն արտադրում է սեփական հարվածային ԱԹՍ-ները, վաճառում դրանք։ Բայրաքթարները դասվում են «ամենաարդյունավետ» հարվածային անօդաչուների շարքին, լայնորեն օգտագործվում ժամանակակից պատերազմներում։