Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին և հայտարարել, որ «պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով» ու որ Հայաստանի «իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ»:
«Մարտի 1»-ի գործով «սահմանադրական կարգը» տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահն ընգծել է` Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որ կարող է իրականացնել անցումային կառավարության վարչապետի առաքելությունը։
Եթե ես լինեի Փաշինյանի տեղում, պատերազմը չէր սկսվի, հայտարարել է Քոչարյանը։
«Չէին լինի դիվանագիտական ապուշությունները, որոնք անխուսափելի դարձրին պատերազմը: Ալիևը երբեք չէր համարձակվի սկսել պատերազմը, երբեք չէր համարձակվի: Հիմա աքլորացել է, իրավունք ունի հիմա աքլորանալու, բայց հերը ողջ լիներ, նա ի դեպ խելոք մարդ էր, ականջը կքաշեր, կասեր՝ հանգիստ մնա: Իրենք տեսնում էին, թե ում հետ գործ ունեն Հայաստանում, շատ եմ նմանեցնում իրավիճակը՝ հակառակ պատկերով, Ադրբեջանում էլչիբեյան ժամանակներին: Երբ Էլչիբեյին փոխեցին, ես շատ անտրամադիր էի այդ մի քանի օրվա ընթացքում, որովհետև մեզ համար ուղղակի նվեր էր, Աստծու պարգև էր մեզ համար», – ասել է նախկին նախագահը:
Տարածքային զիջումների(«պարտվողականության») հանրահայտ քննադատը հայտարարել է նաև, որ պատերազմը հնարավոր է եղել ավելի շուտ կանգնեցնել, և այն պետք է կանգնեցվեր, «նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ»։
«Վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ինքը գլխավոր շտաբի կողմից ստացավ այդ զեկույցը: Երրորդ օրը ստացավ, չորրորդ օրը պիտի ընդուներ Լավրովի պլանը և կանգնեցներ պատերազմը: Կոնկերտ ժամկետներով, նույնիսկ եթե դա ենթադրում էր տարածքների վերադարձ։ Այն ժամանակ հարավում ադրբեջանցիք երեք-չորս կիլոմետրի չափով էին առաջ գնացել, ընդամենը: Եվ ունեինք այդ ժամանակ ընդամենը 500 զոհ, բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը, մի քանի հազար զոհ ունենալուց հետո, ավելի քան տասը հազար վիրավոր ունենալու հետո և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով»։
Քոչարյանը ողջունել է հրապարակում օրեր շարունակ վարչապետի հրաժարականը պահանջող «ընդդիմադիր» 17 կուսակցությունների (ՀՀԿ, ՀՅԴ և այլն) որոշումը՝ վարչապետի անցումային թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։ Մանուկյանն, ըստ նրա, «այն կերպարն է, որ այդ առաքելությունը կարող է կատարել»։