Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Սեդրակ Առուստամյանին։ Այս մասին հայտնել է Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը։
Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը մեղադրվում է 22 միլիոն դոլար կաշառք տալու, փողերի լվացման, ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու, ապօրինի շինարարության մեջ։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
1․ Դատախազությունը հաղորդմամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով քրեական հետապնդում է հարուցվել նրա, նրա որդիների, մերձավոր 2 անձանց, ՊԵԿ բարձրաստիճան 3 պաշտոնյաների նկատմամբ։ Նրանց շարքում է նաև Սեդրակ Առուստամյանը։
Ըստ դատախազության՝ Սեդրակ Առուստամյանը 2008-2014թթ. ընթացքում ՊԵԿ նախագահ, այնուհետև՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրայնին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8 մլրդ 142 մլն դրամին համարժեք 22 մլն 401 հազար ԱՄՆ դոլարի կաշառք՝ հովանավորչության, իր ղեկավարակ ընկերության համար մաքսային և հարկային խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական վերահսկողական գործառույթները մեղմելու և հիմքերի առկայության դեպքում բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:
Գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար, ըստ դատախազության, Գագիկ Խաչատրյանի որդիների և Առուստամյանի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր․ որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:
Գործով Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և հանցավոր ճանապարհով ստացված գումարը օրինականացնելուն օժանդակելու հոդվածներով։ Որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
2․ Առուստամյանին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել նաև «Հյուսիս-Հարավի» ծրագրի շրջանակներում փողերի լվացման և առերևույթ չարաշահումներ անելու համար։
«Հյուսիս-Հարավի» քրգործի մասին հաղորդվել էր դեռևս 2019 թվականի սեպտեմբերին․ ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է հենց Սեդրակ Առուստամյանին, որին մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։
3․ «Մուլտի գրուպի» տնօրենը մեղադրվում է նաև ապօրինի շինարարության գործով․ քրգործը հարուցվել էր 2020 թվականին ապրիլին, ըստ Քննչականի, Առուստամյանի տնօրինած «Մուլտի գրուպ» ընկերությունը 2018-ին Երևանի Աբովյան փողոցի վրա սկսել էր հյուրանոց կառուցել՝ չունենալով շինարարական աշխատանքներ անելու իրավական հիմքեր։ Այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը, սակայն, շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը մեղադրվում էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
4․ 2020 թվականի սեպտեմբերին էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող ընտրակաշառքի գործով Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելու համար։ Ըստ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի՝ 2017-ին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն դիմել է նրա ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և պատգամավորության մեկ այլ թեկնածու Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։