ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել․
– 44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ։
Կառավարությունն ավելի վաղ հայտարարություն է տարածել, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում, քանի որ նախագահը սահմանված ժամկետում չի ստորագրել Դավթյանի նշանակման հրամանագիրը և չի դիմել Սահմանադրական դատարան։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Դավթյանը 2020-ի նոյեմբերի 11-ին ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որում նշանակվել էր հուլիսին՝ (համավարակի օրոք որդու համար ճոխ հարսանիք անելուց հետո) ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվելուց մեկ ամիս անց։