Թուրքական մարտական օդանավի կողմից նախօրեին ռմբահարվել են Այն Իսայի շրջանի Սայդա գյուղի մերձակայքում տեղակայված՝ Սիրիայի քրդական աշխարհազորի դիրքերը, հայտնում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։ Օդային հարվածին նախորդել է փոխհրաձգություն և հրթիռակոծություն Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների և թուրքերի դաշնակից սիրիական ստորաբաժանումների միջև:
Սա առաջին օդային գրոհն է 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայում թուրքերի նախաձեռնած «Խաղաղության գարուն» ռազմական գործողությունից հետո։ Թուրքական կողմն այն ժամանակ համաձայնության էր եկել, նախ, Ամերիկայի (աջակցում է քրդական ուժերին), ավելի ուշ՝ նաև Ռուսաստանի (աջակցում է Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի ռեժիմին) հետ։ Այդ համաձայնության արդյունքում Սիրիայում սահմանել էր 120 կմ երկարությամբ և 32 կմ խորությամբ «անվտանգության գոտի»։ Այն Իսայի շրջանը մնացել է քրդական ուժերի հսկողության տակ: