Համավարակային ճգնաժամի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած՝ «Հանրային վերահսկողության ֆլեշմոբի» ֆոնին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ամուսնացնում էր իր որդում․ երեկ տեղի ունեցած հարսանիքին, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ներկա էր նվազագույնը 100 հոգի, այս թվում՝ մի շարք պետական պաշտոնյաներ։
Օրեր շարունակ առողջապահության ոլորտի պատասխանատուները, կառավարության անդամները հանդես են գալիս կոչերով՝ կրել դիմալ, պահպանել սոցիալական հեռավորություն, խուսափել բազմամարդ միջոցառումներ կազմակերպելուց կամ դրանց մասնակցելուց, անհատական պատասխանատվություն ստանձնել՝ վարակի տարածման տեմպերը նվազեցնելու համար։ Վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքի էջը վերածվել է հանրային «լյուստրացիայի» հարթակի․ օգտատերերի ուղարկած՝ բակային հավաքների, բազմամարդ հերթերի, թաքուն խնջույքների կամ զանգվածային թաղումների, անդիմակ մարդկանց լուսանկարները օրեր շարունակ հրապարակվում են վարչապետի անձնական էջում՝ քննադատական կամ դաստիարակչական մենկնաբանություններով․ ենթադրվում է, որ հանրային վերահսկողությունը ինչ-որ չափով կսթափեցնի մարդկանց, որոնք կանոնների պահպանմանը բավականաչափ լուրջ չեն վերաբերվում։
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի վրա, սակայն, գործընկերների կոչերն առանձնապես չեն ազդել։
Գեներալ-լեյտենանտի կարծիով՝ համավարակի պիկին 100 հոգանոց հարսանիք կազմակերպելը կանոնների խախտում չէ․ «Օրենքի առաջ բոլորն են հավասար։ Եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները: Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ», – պարզաբանել է Դավթյանը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանև Գևորգյանը՝ պատասխանելով armlur.am-ի հարցին, նշել է, որ գեներալի որդու հարսանիքի հարցը կքննարկվի․ «Քննարկում է լինելու մինչեւ ժամը 12-ը, որից հետ ամեն ինչ արդեն ավելի պարզ կլինի», – ասել է Գևորգյանը։