Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովել Ղարաբաղի հայաթափման բացառումը, ԱԺ այսօրվա նիստին հայտարարել «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Դեռևս 1996 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ասպարեզ նետվեց մի գաղափար, որ մեզ համար անընդունելի է մի ժողովրդի բռնի տիրապետումը մյուսի նկատմամբ։
Ըստ էության, առաջ քաշվեց այն գաղափարը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ապագա չունի։ Տարիներ են անցել ու այսօր կարելի է ասել, որ դա թերևս ճիշտ չի եղել, իմ կարծիքով:
Խորհրդային Միության ժամանակ հարց բարձրացվեց՝ փոխանցել Ղարաբաղը Հայաստանին, դա մի այլ խնդիր էր։ Եվ անգամ Խորհրդային Միության պայմաններում մենք հետևություն չարեցինք Սումգայիթից, չխորացանք Բաքվի, Կիրովաբադի դեպքերի մեջ, հետո չվերլուծեցինք՝ ինչպես եղավ, որ 24 գյուղեր հայաթափվեցին, «Կոլցո» օպերացիան, գուցե երիտասարդները լավ չգիտեն, խորհրդային զորքերն արեցին Ադրբեջանի ՕՄՕՆ-ի հետ, ու մենք չնստեցինք ու չմտածեցինք՝ սա ուր է տանում», – ասել է պաշտոնյան։
Խաչատրյանն ընդգծել է՝ 1988 թվականի շարժումը բերեց նրան, որ դաշտային Ղարաբաղը հայաթափվեց։
«Բերեց նրան, որ 400-500 հազար հայեր չկարողացան շարունակել իրենց կյանքը իրենց պատմական հայրենիքում: Վերջապես, բերեց նրան, որ մենք ունենք ԼՂԻՄ-ի մի զգալի մասի կորուստ, որտեղ հայեր չեն ապրում: Որտե՞ղ պետք է կանգ առնենք, որտե՞ղ պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է՝ հերոսաբար ոչնչանա՞լ, թե՞ ապրել, զարգանալ ու հեռանկար ունենալ»,-շարունակել է պատգամավորը։
Խաչատրյանը խոսքով՝ ինքը չի կիսել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն տեսակետը, թե 1997-ին իրենք չգնացին հարցի լուծման, որովհետեւ քաղաքացիական պատերազմ կարող էր լինել։ Ըստ նրա՝ փուլային լուծմանը չգնալու իրական պատճառն այն էր, որ իշխանությունը կորցրել էր վստահությունը հասարակության մեջ։
«Այսօր այս դահլիճում նստած մեծամասնությունից է կախված վարչապետի՝ խաղաղություն հաստատելու քաղաքականությունը կպսակվի հաջողությամբ, եթե ժողովուրդը շարունակի մեզ վստահել․․․Ուրեմն մեզնից յուրաքանչյուրն այսօր պիտի անկեղծանա՝ մենք ի՞նչ պիտի անենք, որ ժողովուրդը շարունակի մեզ վստահել և մեր ծրագիրը կյանքի կոչի։ Սա շատ լուրջ խնդիր է։ 1997 թվականին իշխող մեծամասնությունն այդ վստահությունը կորցրել էր և չկարողացավ կյանքի կոչել իր առաջնորդի ծրագիրը։ Դեռ հակառակը՝ մի գիշերում հեղափոխվեց ու անցավ այլ ճամբար», – ասել է Խաչատրյանը։
Պատգամավորը խաղաղություն հաստատելու համար առաջարկում է «փոխել կենսաձևը» և «ավելի նվիրվել այն գաղափարներին, որ համար ժողովուրդը հեղափոխություն է արել»։
Մենք պետք է առանձին ներքին քննարկում անենք՝ ի՞նչ պիտի անենք, որ ապահովենք խաղաղության պայմանագրի իրականացումը, պիտի ավելի նվիրվենք այն գաղափարներին, որի համար ժողովուրդը փողոց էր դուրս եկել ու հեղափոխություն արեց: Պետք է մարդկանց բացատրենք, որ մենք Ղարաբաղը չենք ուրանում, մենք ուզում ենք ապահովենք Ղարաբաղի հայաթափության բացառումը։ Մենք ուզում ենք «պետականության շահ» ասելով հասկանալ, որ մեր պետության շահը մեզ համար Հայաստանի քաղաքացիների հավաքական շահն է՝ ոչ ավել, ոչ պակաս», – ասել է պատգամավորը։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեղավոր եմ, որ 2018-ին և 2019-ին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը․․․ Միջազգային հանրությունը մեզնից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․ Միջազգային հանրությունն ասում է՝ մի փոքր իջեցրեք ԼՂ կարգավիճակի հարցում ձեր նշաձողը, հակառակ դեպքում մեզ վրա հույս չդնեք»: