Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում, հաղորդում է Ղարաբաղի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։
Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»,- գրում է կառույցը՝ հավելելով, որ մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։
Իրավիճակի վեերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ խաղաղապահ զորակազմի մեծացման վերաբերյալ հարցն անհրաժեշտ է ուղղել Ռուսաստանի ՊՆ-ին։
«Այդ հարցը պետք է տալ մեր զինվորականներին: Նրանք շփման մեջ են հայկական և ադրբեջանական կողմերի հետ: Այժմ գլխավորը բոլոր կողմերի կողմից համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման շարունակությունն ապահովելն է», – ասել է Պեսկովը։
Հայաստանի արտգործնախարարությունը ևս արտահայտել է իր դդիրքորոշումը․
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից:
Այդուհանդերձ, տիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», – գրել է կառույցը:
Հիշեցնենք՝ մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։
Մարտի 25-ին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։ Ավելի ուշ կառույցը հայտարարեց, որ Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):
Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։
Մարտի 26-ին Ռուսաստանի ՊՆ-ն արբեջանական զինուժերին մեղադրեց հրադաարի խախտման մեջ, ինչը Բաքուն միակողմանի որակեց։ Մարտի 27-ին Մոսկվան կրկին մեղադրեց Բաքվին հրադադարի ռեժիմը 2 անգամ խախտելու մեջ՝ նշելով, որ ադրբեջանական զորքերը հետ են քաշվել Փառուխ գյուղից և որ էսկալացիայի հետևանքով երկու կողմից կա երկուական վիրավոր։ Բաքուն հերքեց հաղորդագրությունը՝ պնդելով, որ ադրբեջանական զորքերի տեղաշարժ չի եղել։