Home / Բանակ / Մոսկվան մեղադրում է Բաքվին, Ղարաբաղում սահմանափակվում են հավաքները

Մոսկվան մեղադրում է Բաքվին, Ղարաբաղում սահմանափակվում են հավաքները

Մարտի 24-ից 25-ը Ադրբեջանի զինուժերը, «խախտելով ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները», մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի և դիտակետ տեղադրել, հայտարարել է Ռուսաստանի ՊՆ-ն։

«Bayraktar-TB2 տիպի ԱԹՍ-ից 4 հարված է հասցվել ԼՂ զինված կազմավորումների ստորաբաժանումներին՝ Փառուխ բնակավայրի տարածքում։ Ներկայում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու և զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար», – գրել է կառույցը։

Ադրբեջանի ՊՆ-ն Մոսկվայի հայտարարությունը «միակողմանի» է որակել։

Բաքուն պնդել է, թե մարտի 26-ի առավոտյան «հայկական ապօրինի ստորաբաժանումներն են» փորձել դիվերսիա իրականացնել, իսկ ադրբեջանական զինուժերի պատասխանից հետո, նահանջել են։

«Ադրբեջանի ՊՆ-ն ափսոսանք է հայտնում ռուսական պաշտպանական գերատեսչության միակողմանի հայտարարության առնչությամբ, որն իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս գործընկերոջ` Սերգեյ Շոյգուի հետ զրույցում նշել է, որ ադրբեջանական կողմը կոնկրետ հատվածներում հստակեցնում է իր դիրքերը», – ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Բաքուն չի մոռացել նաև հիշեցնել, որ «Ադրբեջանում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր» և կրկին մեղադրել է հայկական կողմին՝ «հայկական բանակի և հայկական ապօրինի զինյալ խմբավորումների» դուրսբերումը չիրականացնելու և նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները խախտելու մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական զորքերի տեղաշարժը «սադրիչ» էր որակել ԱՄՆ պետքարտուղարությունը.

«Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ», – ասել էր Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը:

Բաքուն ի պատասխան հայտարարել էր, որ որ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, վերջին տարիներին «որևէ արդյունավետ քայլ չի ձեռնարկել՝ ուղղված Ադրբեջանի դեմ Հայաստանի գրեթե 30-ամյա ռազմական ագրեսիային վերջ տալուն»։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ հայկական կեղծ քարոզչության հիման վրա նման հայտարարություն անելը անպատասխանատու է», – ասել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Մինչ այդ, Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝

  • սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը,
  • արգելվում են գործադուլները և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները,
  • կասեցվում է «Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների» գործունեությունը։

Ղարաբաղի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն էլ հայտարարել է.

«Այսօր Արցախում ռազմական դրություն չի հայտարարվել, այն գործում է դեռ 1992 թվականից, այն ժամանակ առ ժամանակ երկրաձգվում էր 1 տարով, իսկ 2005 թվականից անժամկետ է դարձել: Այս պայմաններում, եթե անհրաժեշտություն է առաջանում, նախագահը որոշ գործողությունների հետ կապված հրամանագրեր է ստորագրում»։

Ղարաբաղի ՊՆ-ն հայտարարել էր, որ մարտի 26-ին՝ 11:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինուժերը հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրկին փորձելե են առաջխաղացում ապահովել Արցախ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքում:

Ավելի վաղ կառույցը հաղորդել էր, որ մարտի 25-26-ի գիշերը իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:

Մարտի 25-ին վիրավորված ՊԲ զինծառայողներից 2-ի վիճակը, ըստ հաղորդագրության, շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, 1-ինը միջին ծանրության է, ևս 12-ինը՝ բավարար:

Ղարաբաղի պետնախարար Արտակ Բելգարյանն էլ հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ Փառուխ գյուղում ու հարակից Քարագլուխ բարձունքի մի կողմում։ Ռուս խաղաղապահների հենակետերը, ըստ պաշտոնյայի, շարունակում են գործել Փառուխում և Խրամորթում։

Ղարաբաղի Անվտանգության խորհուրդը, իր հերթին, որոշել է պաշտոնական գրությամբ դիմել Վլադիմիր Պուտինին։ Խաղաղապահների քանակն, ըստ ԱԽ-ի, անբավարար է, անհրաժեշտ են անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցառումներ։

Մարտի 24-ի օրվա երկրորդ կեսին հաղորդվեց, որ Ադրբեջանի զինուժը Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Փառուխին հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները տարհանվել են: Առավոտյան ԱԳՆ-ն հայտարարեց, որ «երեկ մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»․ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերը կրակ են բացել ՊԲ հենակետերի ուղղությամբ: Ղարաբաղի ՊՆ-ից հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը, հրաձգային զինատեսակներից բացի, կիրառել է նաև հարվածային ԱԹՍ։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ «Ադրբեջանի ԶՈՒ ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար»։

Մարտի 25-ին Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողների մասին։ Ավելի ուշ կառույցը հայտարարեց, որ Bayraktar TB-2 ԱԹՍ-երի կիրառման հետևանքով մահացել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) և Արարատ Վագիֆի Թևոսյանը (ծնվ. 1990թ.):

Ղարաբաղի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ հաղորդեց 14 վիրավորների մասին, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Պաշտոնյան ընդգծեց նաև, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինուժերի կողմից ԱԹՍ-երի կիրառման հետևանքով։