Home / Դատարան / Ադրբեջանը փնտրում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին (թարմացված)

Ադրբեջանը փնտրում է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին (թարմացված)

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Trend.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ռազմական դատախազությունը։

Ըստ հաղորդման՝ Քոչարյանն ու Սարգսյանը (ի թիվս այլի) մեղադրվում են շուրջ 30 տարի առաջ «հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև ազգային թշնամանք և ատելություն հրահրելու նպատակով» Ստեփանակերտի տարբեր կազմակերպություններում ու հաստատություններում հայազգի աշխատողների մասնակցությամբ հավաքներ կազմակերպելու մեջ։

«․․․Նրանք հայտարարում էին, որ Ղարաբաղը հայերին է պատկանում և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, կոչ էին անում ազատել ադրբեջանցիներին աշխատանքից, բռնի տեղահանել Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև այրել նրանց տները։ Այս անձինք պատասխանատվության են կանչվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հռչակման մասին ապօրինի որոշումներ ընդունելու և այլ հանցանքների համար», – եզրափակել է կառույցը։

Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ պլանավորում է «մոտ ժամանակներում» բերման ենթարկել Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանին և ներգրավել վերջինիս Գյանջայի հրթիռակոծման քրգործի քննության մեջ։ Հարությունյանը մեղադրվում է Գյանջայի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական 4 ակտ իրականացնելու մեջ։

Գյանջա քաղաքը 44-օրյա պատերազմի ընթացքում հրթիռակոծվել է 4 անգամ՝ հոկտեմբերի 4-ին, 8-ին, 10-ին և 17-ին։ Հոկտեմբերի 4-ին Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր՝ « Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված»: Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում հայտարարեց Արայիկ Հարությունյանի նկատմամբ։ 

Թարմացում 16։35 – Սերժ Սարգսյանի գրասենյակը՝ անդրադառնալով Բաքվի կողմից հնչած մեղադրանքներին, դրանց առաջադրման փաստը «զավեշտ» է որակել, իսկ մեղադրանքները՝ «ցինիկ»։

«․․․Ցինիկ, քանզի տարիների ընթացքում ցեղասպան քաղաքականության մեջ հմտացած Ալիևը, որի պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում հայատյացությունը Ադրբեջանի ներսում պետական քաղաքականության է վերածվել, որևէ բարոյական իրավունք չունի խոսելու Սերժ Սարգսյանի մասին, առավելևս՝ մեղադրանքներ ներկայացնելու․․․», – գրել է Սարգսյանի գրասենյակը։

Թարմացում 16։52-  Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ևս անդրադարձել է Բաքվի մեղադրանքներին։

«Զարմանալի չէ, որ Փաշինյանաալիևյան սիրախաղի այս փուլում դա արվում է նաև Ադրբեջանում: Ազգային արժանապատվության գնով Ադրբեջանից խաղաղություն մուրացող ՀՀ իշխանությունները օգնություն են ստանում իրենց «կիրթ և կառուցողական» ընկերներից: Չենք զարմանա, որ այս քրեական գործը միացվի Սիլվա Համբարձումյանի ցուցմունքներով կարված գործին, և մեր դատախազները, մեծ ջանասիրությամբ, այն կպաշտպանեն դատարանում», – ասված է հաղորդագրության մեջ։