Ազգային Ժողովում այսօր տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի առաջին նիստը։ Հանձնաժողովը նույնությամբ կրկնում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմը։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները, ինչպես և նախապես հայտարարել էր, չէին մասնակցում նիստին՝ պնդելով, որ գործող իշխանությունը չի կարող դեպքերի օբյեկտիվ քննություն անցկացնել։ Նիստից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցում էին հանձնաժողովի իշխանական անդամները՝ նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդամներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանը։
Ասուլիսի մեծագույն մասը ծախսվեց ընդդիմության բոյկոտի պատճառները քննարկելու համար, սակայն Անդրանիկ Քոչարյանը հայտնեց նաև, որ հանձնաժողովի կողմից կհարցաքննվի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որպես փորձագետ ներգրավված է նաև ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Նախ անդրադառնալով ընդդիմության բոյկոտին՝ հանձնաժողովի ղեկավարն ասել է․
«Թող գան գամեն անարգանքի սյանը, եթե մեզ սխալ պահենք: Տեսախցիկները միացրած՝ օնլայն ռեժիմով աշխատելու էին: Ում ուզեին և ում ասեին, հրավիրելու էինք, նույնիսկ ում չասեին, նույնպես հրավիրելու էինք: Գաղտնիության ամենաբարձր ռեժիմի փաստաթղթերը հասանելի են լինելու այս հանձնաժողովին: Բա լավ, դրանից հրաժարվե՞լ»։
Հարց է հնչել նաև հանձնաժողովի աշխատանքների վստահելիության մասին, քանի որ նիստերին փաստացի մասնակցում են միայն իշխանական պատգամավորները։
«․․․Հայաստանում վստահելիության ցուցիչն Արթուր Ղազինյանի ու Գեղամ Մանուկյանի (հանձնաժողովի ընդդիմադիր անդամներ՝ «Հայաստան» դաշինքից – խմբ) ինչ-որ հանձնաժողովի մասնակցությունը չէ․․․Ուզում եմ փաստել, որ հանձնաժողովին բացի իշխանական պատգամավորներից մասնակցելու են թե փորձագետներ, որոնք մեծ հեղինակություն են վայելում հանրության շրջանում, թե զոհված զինծառայողների ծնողներ, թե արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ», – նշել է Վահագն Ալեքսանյանը։
Հրավիրյալները՝ լինեն նրանք փորձագետներ, զինվորների ծնողներ կամ արտախորհրդարանական ուժեր, կարող են նիստերին ներկա գտնվել միայն հանձնաժողովի իրավական որոշումների հիման վրա։
Լրագրողներն ասուլիսի ընթացքում մի քանի անգամ հիշեցրեցին, որ հանրությունն այդպես էլ չի ծանոթացել 2016-ի Քառօրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի զեկույցին։
Անդրանիկ Քոչարյանը վերահաստատեց իր դիրքորոշումը, որ զեկույցը պետք է լինի հանրային և ընդգծեց, որ հրապարակայնացման հետ կապված որոշակի վերապահումներ են ունեցել ԱԳՆ-ն և ՊՆ-ն՝ « պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության առնչությամբ»։
«Հիմա արժե քննարկենք` այդ վերապահումները չեն փոխվել արդյոք, ենթադրում եմ՝ շատ հանգամանքներ փոխվել են, և եթե փոխվել են, ես ինքս կառաջարկեմ ԱԺ ղեկավարությանը` զեկույցն ամբողջությամբ հրապարակել, նաև տեսագրությունները», – նշեց Քոչարյանը։
Հանձնաժողովի ղեկավարը անդրադարձել է նաև Արծրուն Հավհաննիսյանի ներգրավմանը աշխատանքներում։
«Արծրուն Հովհաննիսյանը մեր հանձնաժողովի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված և էֆեկտիվ, տնօրինում է շատ մեծ տեղեկատվության: Դուք հիմա այն պատկերի շուրջ եք, որ Արծրուն Հովհաննիսյանի շուրջ փորձեցին ստեղծել… Արծրուն Հովհաննիսյանը որպես ՊՆ՝ էդ ժամանակ ինֆորմացիայի կրող, շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի նիստերի ընթացքում», – արդարացել է Քոչարյանը։
44-օրյա պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովը կաշխատի վեց ամիս։ Նիստերը տեղի կունենան դռնփակ։