Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանն ու Քրիստինե Պողոսյանը և «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։ Այս մասին հաղորդել է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Երեք գործիչներն էլ ներկա են եղել «անպիտան հրթիռների» գործով այսօր տեղի ունեցած նիստին։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսի հեղինակ Դավիթ Տոնոյանը կալանավորվել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին։ Նա մեղադրվում է ռազմական հրթիռների առքուվաճառքի ժամանակ առանձնապես խոշոր չափեր յուրացում կատարելու մեջ։ Նույն գործով մեղադրյալ է նաև հրթիռները ՊՆ-ին մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով այժմ ևս կալանավորված է։ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը թեև կալանավորված չէ, բայց ևս անցնում է այս գործով և մեղադրվում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։