հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Նոր պատերազմ՝ հին հրթիռներ․ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է (թարմացված)

Նոր պատերազմ՝ հին հրթիռներ․ պաշտպանության նախկին նախարարը կալանավորվել է (թարմացված)

թարմացում․ 21։05 — Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվել է․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարել է ԱԱԾ միջնորդությունը։

11։01 — ՊՆ նախկին նախարար, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսի հեղինակ Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է։

Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու առթիվ հարուցված քրգործի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն [Դավիթ Տոնոյանը], ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դ.Գ-ն [Դավիթ Գալստյանը]:

«Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», – ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։

Քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել նաև նախկին և ներկա այլ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ։

Հայտնի է, որ երեկ՝ սեպտեմբերի 29-ին, ԱԱԾ էր հրավիրվել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը․ տեղեկությունը հաստատվել էր նաև ԳՇ-ի կողմից՝ առանց մանրամասներ հաղորդելու։ Մամուլը գրում էր, որ նույն օրը ԱԱԾ է հրավիրվել նաև պաշտպանության Դավիթ Տոնոյանը։ Հաղորդվում էր խուզարկությունների մասին։

Օրերս ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ձերբակալվել է նաև ԶՈՒ ավիացիայի պետը (2009-ից մինչև 2019-ը այս պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը), որը, իմանալով այդ մասին, գնել է 2,277,323,840 դրամին համարժեք 4.655.200 դոլարի անպիտան հրթիռներ։ 44-օրյա պատերազմում դրանք հնարավոր չի եղել կիրառել։ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը, դատելով հաղորդագրությունից, այս նույն գործով են անցնում։

Սա արդեն երկրորդ քրեական գործն է՝ հարուցված Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ։ Գալստյանը, հիշեցնե՛նք, Տոնոյանի խորհրդականն էր, ով զուգահեռաբար տնօրինում էր զենքի առևտրով զբաղվող (այդ թվում՝ օֆշորային) այն ընկերությունները, որոնց հետ համագործակցում էր ՊՆ-մ։

Տարեսկզբին նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՊՆ-ին ավելի քան 1 միլիոն դոլար արժողությամբ հին զենք մատակարարելու համար։ Փետրվարի 2-ին նա կալանավորվել էր, մայիսին՝ ազատ արձակվել։