Հայաստանի Պաշտպանության նախարարությունը զինված ուժերին զուգահեռ նախատեսում է ստեղծել նաև աշխարհազոր։ Նախարար Դավիթ Տոնոյանը աշխարհազոր ստեղծելու մտահղացումը հիմնավորում է «հասարակության պատրաստությամբ»՝ արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին:
Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ընթացքում ՊՆ Տոնոյանը կարծիք է հայտնել, որ գործող զինված ուժերը կարող են բավարար չլինել։
«Սպառնալիքներն ու ռիսկերը, որոնք անվտանգության պատճառով են Հայաստանի շուրջ ձևավորվում, ես խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հարևանության նոր հայտարարություններին, ես կարծում եմ, որ մեր ռեսուրսները միայն ակտիվ բանակի, այսինքն՝ գործող զինված ուժերի, իհարկե, կարող են բավարար չլինել», – ասել է նախարարը։
Հարցին՝ արդյոք աշխարհազոր ստեղծելու նախագիծը «ազգ-բանակ» հայեցակարգից է բխում, Տոնոյանը պատասխանել է, որ «այդ հայեցակարգը դեռևս չի կարդացել, ծանոթ չի»։
Պաշտպանության նախարարությունը, հիշեցնենք, օրեր առաջ հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով նախատեսվում է բանակին զուգահեռ ստեղծել նաև աշխարհազոր։
Ըստ ՊՆ-ի, ներկայումս Հայաստանի պաշտպանությանը «յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, այն չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ, առավել ևս Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում»:
Վկայակոչելով «հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը», ՊՆ-ն նշում է, որ «ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ»:
Աշխարհազորի ստեղծումը հիմնավորվում է նաև այս գործողություններին «դիմակայելու» նպատակով․ «Անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկիրը․․․»։
Աշխարհազորի համակարգը, ըստ նախագծի, գործելու է տարածքային սկզբունքով, և ըստ Հայաստանի վարչատարածքային բաժանման՝ բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ աշխարհազորային շտաբի միջոցով:
Աշխարհազորային զորամիավորման ղեկավար (հրամանատար) է լինելու տարածքային կառավարման մարմնի ղեկավարի տեղակալը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի տեղակալը:
Աշխարհազորային բրիդադների և գումարտակների համալրումը (աշխարազորայինի հավաքագրումը) իրականացվելու է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանումների կողմից՝ պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիներից, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համապատասխան համայնքում (Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների) հաշվառված քաղաքացիներից:
Աշխարհազորայինների հետ պայմանագիր է կնքվելու։ Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացիների, զինծառայողների, փրկարար, քրեակատարողական կամ հարկադիր ծառայողների, ազատազրկված կամ կալանավորված քաղաքացիների հետ պայմանագիր կքնվել չի կարող։
Աշխարհազորայիններին ամրակցվելու է զենք, հատկացվելու է համազգեստ։
Աշխարհազորայինների պատրաստությունն իրականացվելու է պլանային պարապմունքների և վարժանքների միջոցով՝ աշխարհազորային շտաբի պետի հրամանով:
Պարապմունքների և վարժանքների գործընթացի վրա պարտադիր կերպով տարածվելու են Աշխատանքային օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետի պահանջները: Աշխարհազորայինները պատրաստության և կիրառման ընթացքում ապահովվում են անվճար սննդով՝ զինծառայողների համար սահմանված կարգով:
Աշխարազորային համակարգ ներդնելու նպատակով ՊՆ-ն նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պաշտպանության մասին» օրենքում (նախագիծը), նաև՝ «Տեղական ինքնակառավարման մասին» (նախագիծը), «Տարածքային կառավարման մասին» (նախագիծը) և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (նախագիծը) օրենքներում։
Որքան հավելյալ գումար է հատկացվելու պաշտապնության ոլորտին՝ նոր կամավորական աշխարհա-զորքեր ձևավորելու և պահելու համար՝ դեռևս հայտնի չէ։