Հուլիսի 23-ին Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (ՊՆ ԿԿԶՀ) մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ), հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
«Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած զինվորական հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին, Արթուր Մուրադյանի կյանքը չի հաջողվել փրկել», – ասված է ՊՆ հաղորդագրությունում։
Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ից։ Հուլիսի 13-ից սկսած՝ դիրքերից բացի հրետանակոծվում էին նաև բնակելի համայնքները։ Կիրառվում էր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա։
Հայկական կողմը հայտնել էր 4 զոհերի և 36 վիրավորների մասին, որոնցից մեկը՝ շարքային Արթուր Մուրադյանը, տեղափոխվել էր հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակում, ևս 9 զինծառայող՝ միջին ծանրության վիրավորումներով։ Նրանցից 4-ը դուրս է գրվել, 5-ը, ըստ վերջին տվյալների, դրական դինամիկայով շարունակում է բուժումը։ Հիվանդանոց էր տեղափոխվել նաև ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված՝ Չինարի գյուղի Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը։ Վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում։
Ադրբեջանական կողմից նախորդ շաբաթվա ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ, և մեկ խաղաղ բնակիչ։
Վերջին օրերին սահմանին հիմնականում պահպանվում է հարաբերական անդորր։