Մայիսի 31-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը (վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը) ֆեյսբուքյան իր տեսաուղերձում նշել էր՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Հայաստանի Հանրապետության բյուջեից 15 միլիարդ դրամ է տրվել նախկին նախագահի մտերիմներից մեկին, որպեսզի նա զենք բերի Հայաստան։ Վերջինս այդ գումարները, փոխարենը, դրել է շրջանառության մեջ, իսկ զենքը Հայաստան է բերվել միայն հեղափոխությունից հետո։ Հակոբյանը հիշատակել է նաև Սարգսյանի իշխանության օրոք 40 միլիոն դոլարով ձեռք բերված զինամթերը, որի հետ կապված հեղափոխությունից հետո Ազգային անվտնագության ծառայությունում քրեական գործ է հարուցվել, քանի որ պարզվել է, որ այդ զենքն ու զինամթերքը ամբողջությամբ անպիտան են։
Հակոբյանի հայտարարությունները՝ կապված անորակ զինամթերքի հետ, այսօր մեկնաբանել է Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ ՊՆ փոխնախարարը նշել է՝ ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն։
«Զինված ուժերի սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձեռք է բերվում համաձայն ԶՈւ ռազմական պլանի։ Դա խորը պլանավորվող գործընթաց է։ Ես չեմ կարող այստեղ հայտարարել, որ դա անթերի գործընթաց է։ Հնարավոր է՝ եղել են ձեռքբերումներ, որոնք տեխնիկապես բարեփոխելու, վերափոխելու կարիք ունեն։ Ես սա նորմալ եմ համարում։ Խնդիրը իրավաչափության մեջ է։ Ամեն ինչ կատարվել է իրավաչափորեն։ Եթե եղել են իրավախախտումներ, ես հավատում եմ, որ քննության արդյունքում կպարզվի», – ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասել է Բալայանը։
Քրեական գործեր են քննվում, կան կալանավորվածներ։ Քննությունը կտա բոլոր հարցերի պատասխանը՝ այդ ձեռքբերումները ենթադրյալ հանցագործության կատարման արդյունքո՞ւմ են եղել, թե՞ ոչ, պետությանը վնաս է պատճառվե՞լ է, թե՞ ոչ․
«Այդ հարցին հստակ կարող են պատասխանել նախաքննություն իրականացնող մարմինները։ Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որտեղ կասկածներ կան ձեր տված հարցի հետ կապված։ Բայց քանի դեռ չունենք մեղադրական դատավճիռ, ես ձեռնպահ կմնամ որևիցե կերպ մեկնաբանելուց»։
Բալայանն ընդգծել է՝ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով այն ժամանակ նախարարի առաջին տեղակալն է եղել, իր պաշտոնավարման ընթացքում որևիցե անօրինական կամ ոչ իրավաչափ գործողության չի մասնակցել։