Home / Հայաստան / Տոնոյանը հեռանում է, որ իրավիճակը լիցքաթափվի

Տոնոյանը հեռանում է, որ իրավիճակը լիցքաթափվի

Արդեն նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հավաստիացնում է՝ ՊՆ-ն և զինված ուժերը «առաջնորդվել են հայրենիքի առաջ պատասխանատվության և հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով»:

«Կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն մեր երկրի պաշտպանական համակարգի զարգացման ու կատարելագործման գործում», – պաշտոնանկության առթիվ հղված ուղերձում նշել է նախկին նախարը

Իր գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը, գրել է Տոնոյանը:

«Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը»:

Այս պահին պաշտոնավարումը դադարեցնելը կրկնակի դժվար է, նշել է Տոնոյանը. «Քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց․․․ Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»:

Նախկին նախարարը ներողություն է խնդրել այն մարդկանցից, ում տածած հույսերը չի հաջողվել ամբողջովին արդարացնել: «Ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում», – եզրափակել է Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանով ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: