Շուշան Ստեփանյանը լքել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի պաշտոնը։
«Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահեն Ստեփանյանի, ով Արցախյան առաջին պատերազմում մարտնչեց հարավային ամբողջ ճակատում և զոհվեց ազատագրված Ֆիզուլիում», — գրել է Ստեփանյանը՝ ընդգծելով, որ ծնվել է Հադրութ քաղաքում, և իր իր վերաբերմունքն այս պատերազմին «եղել է նաև խիստ անձնական»:
Պատերազմի ելքը, պատմել է նախկին խոսնակը, ինքն ընդունել է ոչ միայն որպես պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ, այլև «որպես անձնական կորուստ»:
«Կարծում եմ` հայրենիքի համար այս դժվարին պահին ավելի քան կարիք կա պաշտոնյաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտորեն կնայեն երևույթներին և կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի հաջողվի», – գրել է նախկին խոսնակը։
Ստեփանյանը նշել է, որ այս ծանր օրերին «փորձել է առաջնորդվել տեղեկատվական պայքարի օրենքներով, մատուցել այնպիսի տեղեկատվություն, որը գրված ու չգրված կանոններով պետք է տալ պատերազմող երկրի հասարակությանը»։ Վերջում էլ համոզմունք է հայտնել, որ «հայոց բանակը դեռ լինելու է համազգային հաղթանակների դրոշակակիր: Սուգը հավերժ է, եթե չկա պայքար»:
Նշենք, որ զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հեռացել է նաև «պաշտպանության նախարարության ներկայացուցիչ» Արծրուն Հովհաննիսյանը, ով պատերազմի ողջ ընթացքում փաստացի իրականացնում էր (Ստեփանյանի հետ համատեղ) ՊՆ մամուլի խոսնակի գործառույթները։
Այսօր պաշտոնանկ է արվել նաև ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։