Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։
Վիճակագրությունը ներկայացրել է պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ Ազգային ժողովի այսօրվա նիստին, երբ քննարկվում էր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը։ Նախագծով առաջարկվում է արգելել շահումով խաղերի գովազդը։
«Օրենքի ընդունմամբ արգելվելու են [շահումով խաղերի] բոլոր տեսակի գովազդները՝ թե՛ կայքերում, թե՛ հեռուստաընկերությամբ, թե՛ գովազդային վահանակներով։ Այսինքն՝ այն պատկերը, որ մենք այսօր տեսնում ենք, չի լինելու», – հավաստիացրել է պատգամավորը։
«Հայաստանում 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին (դեկտեմբերի տվյալները դեռ չկան) կատարվել է 3․2 տրիլիոն դրամի խաղադրույք։ Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ Հայաստանի բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1․6 տրիլիոն դրամ․․․
Իհարկե, ըստ հաշվետվությունների, սրա մեծագույն մասը շահումներ են տրվել, բայց ուզում եմ՝ հիմնվելով հենց այս թվերի վրա, ասել, որ տարբերությունը խաղադրույքների ու շահումների մոտ 70 միլիարդ դրամի է։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ անգամ այս իրավիճակում որոշ ընկերություններ ցույց են տվել, թե իրենք վնասով են աշխատում։ Սա շա՜տ տարօրինակ վիճակագրություն է։ Օրինակ՝ կա ընկերություն, որը անցած տարի մոտավորապես մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց [ըստ ներկայացրած փաստաթղթերի] վնասով է աշխատել․․․
Այս հարցերը պետք է պարզաբանվեն», – նշել է Թունյանը։
Նախագիծը դեռ անցած տարվանից է ակտիվորեն քննարկվում․ բացի բուն բուքմեյքերական ընկերություններից, այն, ըստ պատգամավորի, ազդեցություն է ունենալու նաև մեդիա ոլորտի, գովազդային գործակալությունների վրա։ Վերջիններիս համար անցումային դրույթներ կսահմանվեն, որոնք «այնպիսի ժամկետներ կապահովեն, որ անցնցում լինի»։
«Եթե համեմատենք հեռուստաընկերությունների, գովադային գործակալությունների կրած վնասը այն վնասի հետ, որը կրում է հասարակությունը, պետությունը, դրանք իրար հետ անհամադրելի են։ Ուստի՝ մենք պետք է այս լուծմանը գնանք, որքան էլ այն ցավոտ լինի որոշ ոլորտների համար», – եզրափակել է պատգամավորը՝ հուսադրելով, որ նման կանխարգելիչ քայլերից բացի նաև «ընթացիկ խաղամոլությունը զսպելու» մեխանիզմներ կմաշկվեն։
Օրենքի ընդունումից հետո բուքմեյքերների գովազդը կարգելվի։ Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների/շահումով խաղերի/ինտերնետ շահումով խաղերի/տոտալիզատորի շենքերի, շինությունների, սրահների մեջ և վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն 4-աստղանի հյուրանոցներում, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում: