Կառավարությունը ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և առաջարկում է նոր վարկեր վերցնելու երեք պայմանագրեր քննարկել՝ մեծացնելով արտաքին պարտքը մոտ 180 միլիոն դրամով, ինչպես նաև քննարկել մի օրինագիծ, որով Հայաստանում որոշ տնտեսվարողների հարկային բեռը կբարձրացվի 5 անգամ։
Ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների ծրագիրը, որով ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման տուրքերը 100 միլիոն դրամի փոխարեն սահմանվում է 500 միլիոն դրամ։
Պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ Թամազյանն ասել է, որ ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպողների շահույթները աճում են, ըստ Թամրազյանի «պատիկներով», իսկ հարկերը նույնն են մնացել՝ համապատասխանաբար 2003 և 2006 թվից ի վեր։
Թևան Պողոսյանը հարցրել է, թե հարկված գումարները պարզապես պետբյուջե են մտնելու, թե ուղղվելու են ոլորտի քաղաքականության մշակմանը, օրինակ, որպեսզի երեխաները չխաղան։ «Թե առիթ ա՝ տեսել ենք եկամուտ է բարձրացել, էս էլ ստեղից քերենք տանենք։ Իրական փիլիոսփայությունը ո՞րն է», ֊ հարցրել է պատգամավորը։
Ֆինանսների փոխնախարարն ասել է, որ գումարները ուղվելու են պետբյուջե, ինչպես բոլոր հարկերը։ «Վիճակախաղերի կազմակերպիչների մոտ 2014 թվականի հասույթը կազմել է 33 միլիարդ դրամ, 2015-ին՝ 38 միլիարդ դրամ։ Աճի տենդենց կա։ Ինտերնետ շահումով խաղերը 2014 թվականին տվել են 44 միլարդ, 2015 թվականին՝ 77, 2016 թվականի 11 ամսվա ընթացքում՝ 108 միլիարդ հասույթ», ֊ ասել է Թամազյանը։
Պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատել է, որ շահույթը շահութաբերություն չէ։ Փոխնախարարն ասել է, որ շահութաբերությունը կազմել է 5-20 տոկոս։ «800 միլիոնի փոխարեն՝ պետական բյուջե կմտնի 4 միլիարդ դրամ», ֊ հավելել է փոխնախարարը։
Թեմային անդրադառնալով՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթը երեկ գրել է, որ այս օրենքը ծանր վիճակում կդնի միայն փոքր խաղատները։ «Ընդհանուր առմամբ այս փոփոխության արդյունքում ծանր վիճակում կհայտնվեն, գուցե նաև կփակվեն փոքր խաղատները, արդյունքում նորից կշահի Փարավոն զվարճալիքների և խաղատնային համալիրը (պատկանում է Գագիկ Ծառուկյանին – epress.am), որն առանց այդ էլ գրավել էր շուկայի 80 տոկոսը»։