Դեկտեմբերի 16-ին Կառավարության առաջարկով Ազգային ժողովի արտահերթ նիստում փոփոխություններ են կատարվել «Գնումների մասին» օրենքում։ Համաձայն օրենքի փոփոխված տարբերակի, այսուհետև գաղտնիք է համարվելու ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը։ Կարևոր փոփոխությունը ԱԺ բերվեց մի քանի օրվա ընթացքում՝ արտակարգ ռեժիմով, ընդունվեց առանց դեմ ձայների։ ԱԺ պատգամավորների կողմից օրենքում փոփոխությունն առանձնապես քննարկման չարժանացավ։
Այսօր «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել է, որ պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը եղել է մոտ 3 տարի առաջ, երբ դեռ չկար պետական գնումների մասին օրենքի նոր նախագիծը։
Նա ընդգծել է, որ պետական գնումների մասին օրենքի նախագիծը, որը հայտնվել է Կառավարության կայքում սեպտեմբերի 29-ին, չի պարունակել բարձրաստիճան պաշտոնյաների ծախսերի մասին արտահայտությունը։ Ըստ Մանուկյանի՝ դա նշանակում է, որ նման որոշում կայացվել է սեպտեմբերի 29֊ից հետո։
«Ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ դա պայմանավորված է նրանով, որ բավականաչափ մեծ անարդյունավետ ծախսեր այստեղ ի հայտ եկան և ամենահեշտը փակելն է այդ տեղեկատվությունը։ Դա, իհարկե, կդժվարացնի նաև ԶԼՄ-ների աշխատանքը, և, ըստ էության, չեն բացահայտվի այն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք պարբերաբար բացահայտվում են», ֊ ասել է բանախոսը։
Ազգային ժողովի նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ այս փոփոխությունը անվտանգության կարևորագույն նորմ է և միջազգային փորձի ընդօրինակում։ Մանուկյանի խոսքով, սակայն, համաշխարհային փորձը հակառակն է ցույց տալիս․ «Գնումների անկյունաքարային հիմունքներից է՝ գնումների թափանցիկությունը, կիրառելի է դառնում շատ երկրներում․․․ այստեղ [Հայաստանի պարագայում] մենք գործ ունենք դասական մանիպուլացիայի հետ»։
Նա նաև նշել է, որ իշխանությունն իրականում չի սահմանափակվելու միայն երեք ինստիտուտների (ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ) ծախսերը ցույց չտալով․ «Այնտեղ գրված է, որ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնանական այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել ՀՀ նախագահի սահմանած կարգով և ժամկետներում»։
Քննարկման մեկ այլ մասնակից, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանի խոսքով՝ այդպես էլ չի բացահայտվել, թե ինչ անհրաժեշտություն կար օրենքում նման փոփոխություններ անելու։
«Բերում են օրենք քողարկված ձևով, անգամ չբացահայտելով։ Հարց է առաջանում՝ այդ ինչ դրդապատճառներ եղան, այս ինստիտուտների արարողակարգային գնումները փակ դարձնելու համար։ Հանրությունն այլևս չի իմանալու՝ ինչ գնումներ և ինչ կազմակերպություններից են կատարվելու դրանք․․․ Ըստ էության՝ ծախսեր են կոծկելու և մենք մեր վճարած հարկերի մասին ընդհանրապես տեղեկատվություն չենք ունենալու», ֊ ասել է Թանդիլյանը։
Օրենքում փոփոխություն կատարելու նման շտապողականոթյունը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կապել է «վերջին Ազգային ժողովի նիստերի հետ»։ Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու նախընտրական այս շրջանում իշխանությունները նման քայլի են դիմում։
«Այստեղ չկա քաղաքական մոտիվացիա, սա քաղաքակական քայլ չէ, կա տնտեսական մոտիվացիա։ Փիառի տեսակնկյունից այս ժամանակահատվածում այս քայլն անելն անհասկանալի է, դա կարող է նրանց վնասել։ Նշենք, որ առանց այս օրինագծի էլ այդ կառույցներն անում էին այն՝ ինչ ուզում էին, այսպես կոչված, բաց ռեժիմում։ Գուցե, [քանի որ] այս ԱԺ-ի վերջին ժամկետն է, շտապել են այս ԱԺ-ում դա անել, որտեղ իրենք ճնշող մեծամասնություն են», ֊ նշել է Հակոբյանը։