Գյումրու անօթևան ընտանիքների համար բնակարաններ գնած «Շիրակ կենտրոն» ՀԿ֊ից պետության պահանջած եկամտային հարկի՝ մոտ 5 մլն դրամի վճարելու ժամկետն արդեն սպառվել է։ Հաշված օրերում այդ գումարը չվճարելու դեպքում՝ կազմակերպությունը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել, ընդհուպ մինչև կազմակերպության ղեկավարի՝ Վահան Թումասյանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել։ Այս մասին այսօր հայտարարություն է տարածել կազմակերպությունը։
Հարկից ազատելու խնդրանքով «Շիրակ կենտրոն»-ը մի քանի անգամ դիմումներ է ուղարկել կառավարությանը, սակայն ինչպես նշված է հայտարարություն մեջ, ՀԿ֊ն մերժում է ստացել։
«Միակ ճանապարհը մնացել է այդ գումարի հայթայթումն ու վճարումը: Փաստորեն, ստացվում է, որ տարբեր բարերարների և հովանավորների կողմից գնված 10 բնակարանների արժեքի 10 տոկոսը պարտադրված է փակել «Շիրակ կենտրոնը»: Եվ քանի որ կազմակերպությունը չունի նման միջոցներ և չէր կարող ունենալ պարտադրված դրամահավաք է նախաձեռնել՝ ակնկալելով, որ դրամահավաքին առաջին հերթին կարձագանքեն և կաջակցեն կազմակերպության այն գործընկերները, որոնց աջակցությամբ և միջնորդությամբ գնվել են հարկման ենթակա բնակարանները», – նշված է հայտարարության մեջ:
«Շիրակ կենտրոն»-ը նշում է, որ իրենց գործունեության շնորհիվ Գյումրու վագոն-տնակներում, սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող վերջին երկու-երեք տարիների ընթացքում 60 ընտանիքի նվիրվել են բնակարաններ, միայն ընթացիկ տարում՝ 16 բնակարան: