Այսօր Աժ արտահերթ նիստում 79 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է hարկային օրենսգրքի նախագիծը: Քվեարկությունից առաջ մի շարք պատգամավորներ քննադատել են օրինագիծը՝ նշելով, որ այն վնասելու է փոքր և միջին բիզնեսին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում առաջարկել է նախագիծն ընդհանրապես չդնել քվեարկության:
«Չի՛ կարելի ընդունել նման նախագիծ՝ ելնելով միայն քաղաքական նպատակահարմարությունից: Չի՛ կարելի նման խաղի կանոններ սահմանել, որոնք ուղղակի կործանելու են փոքր և միջին բիզնեսը: Մենք հորդորում ենք այս նախագիծը ընդհանրապես չդնել քվեարկության: Չի կարելի նման անփույթ տեսքով կազմված նախագիծ ընդունել»,- ասել է Զոհրաբյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով՝ պատգամավորների մեծ մասն անգամ ծանոթ չէ այս նախագծի բովանդակությանը: Նա նշել է, որ իրենց խմբակցությունը քվեարկելու է փաթեթի դեմ. «Երեկ դատարկ դահլիճում քննարկվել է այս հաստափոր նախագիծը: Բայց այն քննարկման առարկա պետք է դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների կողմից, այլև մեծ և փոքր բիզնեսմենների և նոր կառավարության կողմից: Ստացվում է, որ ձևավորվել է նոր կառավարություն, բայց մենք աշխատում ենք հին ոճով: Մեր պատգամավորներից շատերը չեն կարդացել այդ փոփոխությունների նախագիծը, քանի որ դրա համար երկար ժամանակ էր անհրաժեշտ»:
Փաթեթին կողմ քվեարկելու պատրաստ իշխող կուսակցության ներկայացուցիչներ Խոսրով Հարությունյանը և Վարդան Այվազյանը, ի պատասխան իրենց գործընկերների մտահոգությունների, ասել են, որ օրինագիծը քննարկվել է գրեթե 2 ամսվա ընթացքում մոտ 25 անգամ:
«Հարցը քննարկման մեջ չէ. մենք փոքրին և միջին գցում ենք վատ վիճակի մեջ, ինչքան էլ պնդենք, որ այս փաստաթութը քննարվկել է մի քանի անգամ», – նրանց հակադարձել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս երեկվա իր ելույթում նշել էր, որ դեմ է քվեարկելու նախագծի ընդունմանը: Մասնավորապես, Բագրատյանը բաձրացրել էր Հայ առաքելական եկեղեցուն տրվող հարկային արտոնությունների վերաբերյալ հարցը։ Նրա խոսքով՝ հարկավոր է փոխել օրենքը և հարկել Առաքելական եկեղեցին։ Բացի դրանից՝ պատգամավորը նշել էր, որ «անհասկանալի է, թե ինչու ինչու 20 միլիոն դրամ գումար վաստակող մարդն օրենքով պետք է պետությանը տա 20 տոկոս շահութահարկ, իսկ 50 միլիարդ վաստակողը՝ 2 տոկոս»։
Հունիսին, երբ Հարկային նոր օրենսգիրքն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, նույն Հրանտ Բագրատյանն ասել էր, որ օրինագիծն ընդամենը ավելացնելու է հարկային բեռը 90 միլիարդ դրամով, իսկ ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավորը Նիկոլ Փաշինյանն ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ նախագծի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո թանկանալու է գազը և դիզելային վառելիքը։