Բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից, իսկ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ տասօրյա ժամկետում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ին քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ տեղեկացնելով, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը որոշ փոփոխություններով արժանացել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի հավանությանը։
«Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Չի լինի նաև 500 մլն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը։
Միևնույն ժամանակ, մինչև գրասենյակների փակվելը, բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կմշակվի օրենսդրական փաթեթ՝ օնլայն խաղադրույքներ կատարելու հասանելիությունը սահմանափակելու համար։
Առաջիկայում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կընդունվի նաև վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը կտրուկ սահմանափակող օրենքի նախագիծը», ― գրել է Թունյանը